1918-2023 Պատմության չսերտված դասեր

  • by Western Armenia, 19 Հոկտեմբերի, 2023 in Պատմություն
188 դիտում

Պողոս Նուբար փաշային Վեհաժողովի նիստին չէին հրավիրել, սակայն նա, հեռանալով Ահարոնյանի մոտից, շտապում է անգլիական պատվիրակության իր ծանոթների մոտ, հանդիպում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բալֆուրին, որն էլ հեռախոսով խնդիրը ներկայացնում է Պիշոնին: Վերջինս տալիս է իր համաձայնությունը։ 1919թ. փետրվարի 26-ին Ահարոնյանն ու Պողոս Նուբար փաշան ներկայանում են Փարիզի Խաղաղության վեհաժողովին: «Փաշան հարցրեց ինձ, թե ո՞վ պիտի առաջինը խոսի՝ ի՞նքը, թե՞ ես։ Ես պատասխանեցի, թե լավ կլիներ, որ առաջինը ես խոսեի։ Զարմացած մնացի, որ Պողոս Փաշան համաձայնեց։ Անկասկած, վերջինը խոսելուն նա առանձին կարեւորություն է տալիս, նկատելով այդ իբրեւ ավելի վայել իր դիրքին ու տարիքին։ Այդ շատ անգամ եմ նկատել - նրա խոսքն է՝ Փոքր դերերը ավելի առաջ կներկայացվին»,- գրում է Ահարոնյանը։

Խորհրդաժողովին Ավետիս Ահարոնյանը ներկայացնում է հայ ժողովրդի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին։ Պողոս Նուբար փաշան առավելապես կենտրոնանում է Հայկական լեգեոնի մարտական ուղու վրա, մասնակցությանը Պաղեստինի ճակատամարտին եւ գեներալ Ալենբիի գովասանքին։

Հայկական ներկայացուցիչները Վեհաժողովի անդամներին են բաժանում իրենց կազմած հուշագիրը, որտեղ ոչ միայն Հայաստանի սահմաններն էին նշված, այլեւ կարեւորված էր մանդատի խնդիրը. Հայաստանը առնվազն 20 տարով պետք է դրվեր Դաշնակիցների կամ Ազգերի լիգայի ընդհանուր՝ հավաքական մանդատի ներքո։ 

Փարիզի բանակցությունների ընթացքի մասին Հայաստանում տեղեկությունները շատ քիչ էին, ինչը դժվարություններ էր ստեղծում գործադիր իշխանության համար։ Հիմնականում տարածվում էին մամուլի հրապարակումներ, որոնց հավաստիությունը կասկածելի էր։ Այս պայմաններում Արևելյան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չէր կարողանում հստակեցնել իր դիրքորոշումը վրացիների, ադրբեջանցիների, բրիտանացիների հետ։ 1919թ. մարտի 6-ին Սիրական Տիգրանյանը Թիֆլիսից հեռագրում էր Ահարոնյանին՝ տեղեկություններ հաղորդելով Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Միաժամանակ նա խնդրում էր հնարավորության դեպքում մանրամասներ հաղորդել Փարիզի Վեհաժողովից.

«Մենք այստեղ շատ զրկված ենք ինֆորմացիայից, անտեղյակ ենք վերջին մեկ-երկու ամսում Փարիզում անցած-դարձածին։ Զանազան լրագրական լուրերին կարեւորություն չենք ուզում տալ. մեծ մասամբ կամ խառնաշփոթ են լինում, կամ լիովին սուտ ու հնարովի։ Եթե դեռ ոչինչ չի որոշվել Հայաստանի վերաբերմամբ, մի՞թե ոչինչ նախապատրաստական, ենթադրական նախագծումներ էլ տեղի չեն ունենում։ Ի՞նչ պետությունների «թեկնածության» խնդիր կա. Անգլիա՞, Ամերիկա՞, Ֆրանսիա՞։ 

Ասում են, թե Անգլիան հրաժարվելով - հրաժարվում է Հայաստանի «մանդատարը» լինելուց, բայց հոժար է Վրաստանի եւ Բաքվի հովանավորը լինել։ 

Ոմանք էլ ասում են, թե Ֆրանսիան համաձայնել է զիջել Կիլիկիան Հայաստանին, իսկ ոմանք թե՝ ընդհակառակը՝ չի զիջում։ Անգլիացիք իրենց ավելի կողմնակից են ցույց տալիս ավելի «համեստ» ծրագրին - Հայաստանը առանց Կիլիկիայի»։

Թեեւ Փարիզից հասնում էին հուսադրող տեղեկություններ, սակայն շատերը վերապահումով էին վերաբերվում ամբողջական Հայաստանի շուրջ ստեղծված ոգեւորությանը, քանի որ Հայաստանում շատ էին «վիճելի» տարածքները, որոնց ճակատագիրը դեռ անհայտ էր։