786 տարի առաջ օծվեց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 

  • by Editbeglari, 22 Հուլիսի, 2026 in Լուրեր
113 դիտում

Հուլիսի 22-ին լրանում է 786 տարին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծումից, որը տեղի է ունեցել 1240 թվականի Վարդավառի տոնին։ Հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց համարվող տաճարը կառուցվել է Արցախի Ներքին Խաչենի իշխան, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի նախաձեռնությամբ՝ 1216-1238 թվականներին։

Պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ՝ օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արցախի կաթողիկոս Ներսեսը, բազմաթիվ եպիսկոպոսներ և շուրջ 700 քահանա։ Հասան-Ջալալ-Դոլան անձամբ է ընդունել և հյուրասիրել ներկաներին՝ տոնը վերածելով համահայկական նշանակության իրադարձության։

Գանձասարը ոչ միայն հոգևոր կենտրոն էր, այլև Արցախի հայկական պետականության և մշակութային ինքնության խորհրդանիշը։ Տաճարում պահվել են քրիստոնեական սրբազան մասունքներ, իսկ նրա ճարտարապետությունն արժանացել է միջազգային բարձր գնահատականի՝ համարվելով հայկական միջնադարյան արվեստի ամենանշանավոր կոթողներից մեկը։

Այսօր Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Գանձասարի վանական համալիրը շարունակում է մնալ հայկական պատմամշակութային ժառանգության կարևորագույն խորհրդանիշներից մեկը։