Հայ և անգլիացի հնագետներն ուսումնասիրում են Ծղուկ լեռան ժայռապատկերները

  • by Éditeur, 16 Հուլիսի, 2015 in Պատմություն
348 դիտում

2008 թվականից սկսած՝ հայ-անգլիական համատեղ նախագծի արդյունքում ուսումնասիրվում են Ծղուկ լեռան ժայռապատկերները. «Այնտեղ ժայռապատկերների թիվն անցել է 1000-ը: Դրանց թվագրությունը հասնում է մինչեւ 12-րդ հազարամյակ»,- նշեց հնագետ-արվեստաբան Աննա Խեչոյանը: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողի պնդմամբ՝ ուսումնասիրության ընթացքում ամենաբարդ խնդիրներից պատկերների իմաստը հասկանալն է. «Տարբեր ժամանակներում այդ պատկերների նշանակությունը տարբեր է եղել: Տեսարանները բազմազան են՝ կենցաղայինից մինչեւ դիցաբանություն, միաֆիգուրից մինչեւ բազմաֆիգուր, ամեն ինչ կա, ամեն մեկն իր իմաստն ու սիմվոլիկան ունի»:

Ծղուկում այս պահին արդեն ավարտվել է աշխատանքների առաջին փուլը, շուտով կլինի երկրորդ փուլը՝ երկրաբանների հետ, որոնք էլ արդեն շերտագրական ուսումնասիրություններ կիրականացնեն։

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն էլ նշում է, որ ժայռապատկերների թվագրումը բարդ գործ է, գիտնականները անընդհատ վեճի մեջ են. «Մեր երկրում աշխատանքները նոր-նոր են սկսվել, արդեն հաջողություններ ունենք։ Մենք պատկերից բացի, ուսումնասիրում ենք նաեւ դրա շուրջը եղած բոլոր հնագիտական նյութերը, որոնց միջոցով էլ մենք փորձում ենք հասկանալ, թե որն է ամենահավանական ժամանակը»։

Պարոն Գասպարյանը նաեւ ցավով նշեց, որ մենք այս պահին չունենք բազա, որպեսզի այն համեմատենք այլ տարածաշրջանների հետ. «Այս գործընթացը բավական թանկ է, գումարի խնդիր կա, մեր պետությունը չի կարող այդքան գումար տրամադրել, անգամ թոշակ չեն կարողանում տալ։ Դրա համար մենք որոշել ենք անենք փոքր տարածք, բայց անենք լավ»։

«Ա1+»-ի հարցին, թե վտանգվա՞ծ են արդյոք այդ ժայռապատկերները մեր երկրում, Բորիս Գասպարյանը պատասխանեց. «Իհարկե վտանգված են, հատկապես նրանք, որոնք ցածր գոտիներում են գտնվում։ Դրանք գյուղատնտեսական տարածքներ են դառնում։ Լավ է գոնե Ծղուկ լեռան վրա բիզնեսմենների ձեռքները չի հասել»։

 

http://www.a1plus.am/1396836.html