Արևմտյան Հայաստանի Հայերի հարցի շուրջ(1955 թվական) 

  • by Editbeglari, 01 Մարտի, 2024 in Ժամանակակից Պատմություն
463 դիտում

Western Armenia TV-ին շարունակում է ձեզ ներկայացնել ՝ 1955 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-7-Ի ԴԵՊՔԵՐԸ։

Փաստերը թույլ են տալիս պնդել, որ ջարդարարություններին մասնակցել են հասարակության տարբեր խավեր. բանվորներ, կուսակցականներ, երիտասարդական կազմակերպությունների անդամներ: Ավելորդ չենք համարում նկատել, որ ջարդարարների շարքերում եղել են նաև կանայք ու աղջիկներ, որոնք ակտիվորեն մասնակցել են ոչ մուսուլմանների խանութների, տների, արհեստանոցների թալանին, ինչի մասին կան պահպանված լուսանկարներ: Ավելին, աղջիկներից երեքը` Հիլմիյե Չալըշքանը, Նուրշեն Օզբաքըրը, Հիդայեթ Օզբաքըրը, ցանկացել են հրդեհել Բալըքլը հիվանդանոցը` ներսում գտնվող քրիստոնյա հիվանդներով հանդերձ:

Իզմիրում նույնպես գործի են դրվել նույն մեթոդները, և ջարդարարների խմբերը քաղաքի հայաբնակ և  հունաբնակ թաղամասերում իրականացրել են հարձակում և թալան:

Բացի այդ, ամբոխը հարձակվել է Իզմիրում գտնվող Հունաստանի հյուպատոսարանի շենքի վրա, ավերել այն և հետո հրդեհել, որի հետևանքով շենքն ամբողջովին այրվել է: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Անկարայում, Բուրսայում, Էսքիշեհիրում, Ադանայում, սակայն այնտեղ թալանի և ջարդարարության զանգվածային դեպքեր չեն արձանագրվել: Ե՛վ դեպքերի ժամանակ, և՛ դրանից անմիջապես հետո, և՛ ավելի ուշ ի հայտ եկան անհերքելի բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ այդ ամենը նախօրոք մանրակրկիտ ծրագրված և կազմակերպված է եղել պետության կողմից: Նախ բուն դեպքերի ժամանակ ոստիկանության պահվածքը խոսում էր դեպքերի կազմակերպված և իշխանությունների կողմից հրահանգավորված լինելու մասին: Այսպես, ոստիկանները որևէ կերպ չեն միջամտել և կանխել ջարդարարությունները, ավելին` երբեմն ոգևորել և ուղորդել են հանցագործներին, ծափարահել նրանց: Կան պահպանված լուսանկարներ, որտեղ պատկերված են հանցագործ ամբոխին ժպտացող, երբեմն ուղղություն ցույց տվող ոստիկաններ: Ամենաբնութագրիչ օրինակներից է այն, որ երբ ոչ մուսուլման քաղաքացին օգնության խնդրանքով դիմել է ոստիկանին, նա պատասխանել է. «Ես այսօր ոստիկան չեմ, թուրք եմ»: Հետագայում պարզվել է, որ դեպքերից դեռ մի քանի ժամ առաջ բոլոր ոստիկանական տեղամասերին վերևից հրահանգ է եկել դուրս չգալ ոստիկանության շենքից և որևէ կերպ չմիջամտել դեպքերին:  Ամբողջ երկու օր թուրքական իշխանությունները թույլ են տվել գազազած ամբոխին իրականացնել հույների և հայերի սպանդ, թալան ու միայն սեպտեմբերի 7-ին Պոլսում , Անկարայում և Իզմիրում հայտարարել են արտակարգ դրություն` զորք ու տանկեր մտցնելով Պոլիս լ: Վարչապետ Մենդերեսը սկզբում այդ դեպքերը ներկայացրել է որպես թուրք ժողովրդի ինքնաբուխ զայրույթի դրսևորում, սակայն մի քանի օր անց պաշտոնական վարկածը փոխվել է և տարածվել մի անհիմն պնդում, համաձայն որի, այդ ամենը կազմակերպել և հրահրել են թուրք կոմունիստները և նույնիսկ մոտ 2000 հոգու ձերբակալել են կոմունիստական հայացքներ ունենալու մեղադրանքով: Քանի որ այդ դեպքերի անմիջական կազմակերպիչների ու մասնակիցների մեջ շատ էին երիտասարդական ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտարարությամբ հանդես է եկել «Թուրքիայի ազգային ուսանողական դաշնության» համանախագահ Գյուլթեքին Օզդեները, ով հղում անելով պաշտոնական մարմիններին ևս կարծիք է հայտնել, որ դեպքերի մեղավորերը կոմունիստներն են, և այդ հայտարարությունն անմիջապես տարածվում է մամուլում: Իշխանությունները որպես ցուցադրական քայլ, աշխատանքից հեռացրել են ներքին գործերի նախարար Նամըք Գեդիքին:  Ի վերջո, թուրքական իշխանությունները ստիպված են լինում սկսել դատական գործ սեպտեմբերի 6-7-ի դեպքերի առնչությամբ, և այդ ընթացքում ի հայտ եկած անգամ պաշտոնական տվյալները փաստում են այդ ամենի ահռելի ծավալների ու կազմակերպված լինելու մասին: Այսպես, թուրքական դատարանների տվյալների համաձայն` 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ընթացքում հարձակման են ենթարկվել ոչ մուսուլմանների հիմնականում` հույների և հայերի 4214 խանութ, 1004 տուն, 73 եկեղեցի, 1 սինագոգ, 2 վանք, 26 դպրոց, ինչպես նաև գործարան, հյուրանոց, բար, գերեզմանատուն, դեղատուն, լաբորատորիա, տպարան. ընդհանուր առմամբ 5622 օբյեկտ: Սպանվել է 15 մարդ, որոնցից հինգը հույն հոգևորականներ են: Պատահական չէ, որ հարձակման ենթարկված ու ծանր վիրավորվածների մեջ զգալի թիվ են կազմել քրիստոնյա հոգևորականները, որոնք, ինչպես Հայերի ցեղասպանության ժամանակ, այնպես էլ այս անգամ, առաջնային թիրախ էին: