Ադամակերտի Սուրբ Բարդուղիմեոսի վանքը կանգնած է ոչնչացման եզրին

  • by Western Armenia, 15 Հուլիսի, 2023 in Ժառանգություն
239 դիտում

Վանի Ադամակերտ գավառի Սուրբ Բարդուղիմեոս հայկական վանքը 1990-ական թթ․ մինչև 2013 թ․ օգտագործվել է որպես ոստիկանական բաժանմունք։ Գանձագողերի կողմից ավերված վանքը ներկա պահին օգտագործվում է որպես գոմ և հարդանոց։ Չվերականգնված, անուշադրության պատճառով ավերված պատմական վանքն անհետացման վտանգի տակ է։  Ալբայրաք գյուղում գտնվող Սուրբ Բարդուղիմեոսի վանքը հիմնադրվել է չորրորդ դարում։ Հավատալիք կա, որ Նոր Կտակարանում հիշատակված Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝ Սուրբ Բարդուղիմեոսը այս վանքում է թաղվել։

Վանքը մինչ Առաջին համաշխարհային պատերազմը օգտագործվել է շրջանում բնակվող հայերի կողմից։ Սակայն 1915 թ․ Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո վանքի միաբանությունը բռնի աքսորվել է շրջանից, և վանքը թողնվել է բախտի քմահաճույքին։ Հայ համայնքի համար շատ կարեւոր այս վանքն այսօր ոչնչացման եզրին է։ Ալբայրաք գյուղի բնակիչները պատմել են, որ շրջակա գյուղերի անասունները ժամանակ առ ժամանակ մտնում են վանք, արածում ու վնասում այնտեղի կառույցները։ Գյուղացիներն իրենց անհանգստությունն են արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և պահանջել, որ վանքը հնարավորինս շուտ պահպանության տակ առնվի։

Վանում բնակվող հետազոտող հնագետ Ռըդվան Յիղիթն ընդգծում է, որ տարածաշրջանի պատմական շինությունների մեծ մասն ավերվել է կառավարության կողմից բավարար աջակցության բացակայության պատճառով։  Նրա խոսքով՝ թուրքական պետությունը վերականգնողական աշխատանքների համար բյուջե չի հատկացնում և պատմամշակութային շինություններն այս կերպ օրեցօր ոչնչանում են։