Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտնել է, որ Ադրբեջանի հերթական վանդալիզմի թիրախը դարձել է բռնազավթված Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում են ջարդված ու վնասված գերեզմանաքարեր՝ հայերեն արձանագրություններով և ազատամարտիկների պատկերներով, ինչը վկայում է հայկական հիշողության ու մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման մասին։
Ավանեսովի խոսքով՝ սա ոչ միայն վանդալիզմ է, այլ նաև էթնիկ ատելության, հոգեբանական ճնշման և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտման դրսևորում։ Տեսանյութը չի հրապարակվել՝ զոհվածների հարազատներին չվնասելու նպատակով, սակայն պահպանվում է որպես ապացույց։ Նա հիշեցրել է նաև, որ 2024-ին ադրբեջանցի զինվորները ոչնչացրել էին Վաղուհասում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին կանգնեցված խաչքարը։ Ըստ օմբուդսմենի՝ Արցախում նմանատիպ տասնյակ դեպքեր արդեն փաստում են հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող համակարգված քաղաքականությունը։
