Սև ծովի ափին՝ Ունյեի մոտ գտնվող Այանիկոլա կղզում ավարտին են մոտենում պատմական եկեղեցու ավերակների պահպանության և տարածքի բարեկարգման աշխատանքները։ Նախագծի նպատակն է պահպանել կղզու մշակութային ժառանգությունը և այն հասանելի դարձնել այցելուներին։
Օրդուի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման և նահանգապետարանի ներդրումների վերահսկման ու համակարգման վարչության աջակցությամբ ամրացվել են եկեղեցու ավերակներն ու շրջակա հին պատերը, կատարվել են շարվածքի կարանների վերականգնման աշխատանքներ։ Նախագծով նախատեսվել են նաև փայտե աստիճաններով զբոսաշրջային անցուղի և կղզու դիմացի ափին դիտահարթակ։
Օրդուի քաղաքապետ Մեհմեթ Հիլմի Գյուլերը հայտնել է, որ նախկինում նախատեսված կամրջի կառուցման ծրագիրը, բնակիչների առաջարկները հաշվի առնելով, փոխվել է․ անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո կկառուցվի քարե հետիոտնային անցուղի։
Աշխատանքների ավարտից հետո Այանիկոլա կղզին նախատեսվում է ներառել զբոսաշրջային երթուղիներում՝ միաժամանակ ապահովելով պատմական կառույցների պահպանությունն ու այցելուների անվտանգ տեղաշարժը։ Նախաձեռնությունը նպատակ ունի նաև նպաստել Ունյեի զբոսաշրջության զարգացմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով կղզու պատմական միջավայրի պահպանումը։
