Անին՝ միջնադարյան հայկական փառքի խորհրդանիշը, մինչ այսօր շարունակում է մնալ ոչ միայն պատմական քաղաք, այլև ազգային հիշողության և մշակութային ինքնության առանցքային մաս։ Արեւմտեան Հայաստանի Կարսի նահանգում գտնվող այս հռչակավոր մայրաքաղաքը, որը երբեմն անվանում էին «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք», այսօր կանգնած է լռության և հակասությունների մեջ։
Անի հասնելը Արեւելյան Հայաստանից երկար և բարդ ճանապարհ է․ Երևանից դեպի Գյումրի, ապա Վրաստանի տարածքով՝ Ախալքալաք, այնուհետև Թուրքիայի սահմանով դեպի Կարս։ Թեպետ Անին ընդամենը մի քանի կիլոմետր հեռու է Ախուրյան գետի մյուս ափից, փակ սահմանը այն դարձրել է հեռավոր ու դժվար հասանելի հայրենիք։
Քաղաքի ավերակների մոտ այցելուներին դիմավորում են Բագրատունիների առյուծի փորագրությունները, հսկայական պարիսպներն ու հայկական ճարտարապետության անզուգական կոթողները։ Սակայն տեղանքի ներկայացման մեջ հաճախ բացակայում է ամենակարևոր շեշտադրումը՝ որ Անին նախ և առաջ հայկական քաղաք էր, հայկական մշակույթի և պետականության հզոր կենտրոն։
Տեղում պահպանված եկեղեցիները, արձանագրություններն ու խաչքարերը վկայում են հայկական ներկայության մասին։ Սակայն շատ զբոսաշրջիկներ լուսանկարում են այդ հուշարձանները՝ նույնիսկ չիմանալով, թե ինչ լեզվով են գրված արձանագրությունները և ինչ պատմություն են կրում այդ քարերը։
Հատկապես ցավալի տեսարան են խաչքարերը։ Շատերը ընկած են երեսնիվայր՝ խոտերի ու փոշու մեջ։ Խաչքարը հայկական մշակույթի եզակի խորհրդանիշ է, և այն երեսնիվայր դնելը պարզապես անուշադրություն չէ։ Դա հիշողության լռեցման խորհրդանշական պատկեր է, երբ խաչը, գրությունը և պատմությունը թաքցվում են հողի տակ։
Հոդվածագիրը հիշեցնում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը նոր երևույթ չէ։ Ջուղայի խաչքարերի կործանումից մինչև Արցախի հայկական հուշարձանների վնասումը՝ նույն քաղաքականությունը կրկնվում է տարբեր վայրերում․ վերացնել պատմական հետքը և աղավաղել մշակութային հիշողությունը։
Չնայած այդ ամենին, Անին շարունակում է խոսել իր քարերով։ Այն եղել է ոչ միայն ճարտարապետական կենտրոն, այլ նաև հայկական հոգևոր, գրական ու մշակութային վերածննդի օրրան։ Մայր տաճարի ոսկեգույն պատերը մայրամուտին կարծես միաձուլվում են լեռնաշխարհի բնապատկերին՝ հիշեցնելով, որ Անին դեռ ապրում է հայկական հիշողության մեջ։
Ախուրյանի մյուս ափից այսօր էլ երևում է հայկական դրոշը, իսկ Հայաստանի ճանապարհներին դեռ կան ցուցանակներ, որոնք ցույց են տալիս դեպի Անի տանող ուղղությունը՝ մի քաղաք, որը տեսանելի է, բայց շարունակում է մնալ սահմանից այն կողմ։
