Արցախի շուրջ 30 թանգարաններ ու հավաքածուներ գոյաբանական սպառնալիքի տակ են. Հովիկ Ավանեսով

  • by Editbeglari, 18 Մայիսի, 2026 in Ժառանգություն
147 դիտում

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը անդրադառնալով Թանգարանների միջազգային օրվան, ընդգծել է, որ թանգարանները կարևոր դեր ունեն մարդկության մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման գործում։ 1977 թվականին հաստատված այս միջազգային նախաձեռնությունն այսօր նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում։

Ավանեսովը նշել է, որ բռնազավթված Արցախում մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և յուրացման վտանգի տակ։ Ադրբեջանի պետական քաղաքականության հետևանքով վտանգված են Արցախի թանգարանները, պատմամշակութային արժեքներն ու հարյուրավոր բացառիկ նմուշներ, որոնք ունեն ոչ միայն ազգային, այլև համամարդկային նշանակություն։

Նրա խոսքով՝ 2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում՝ կանգնելով ոչնչացման, կեղծման և յուրացման վտանգի առաջ։ Նա շեշտել է, որ մշակութային ժառանգության նկատմամբ այս քաղաքականությունը նպատակ ունի խեղաթյուրել պատմական հիշողությունն ու վերացնել հայկական մշակութային ինքնությունը Արցախում։

Անդրադառնալով 2026 թվականի Թանգարանների միջազգային օրվա խորագրին՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը», Ավանեսովը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ոչ միայն խորհրդանշական հայտարարություններ անի, այլև գործնական քայլեր ձեռնարկի վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։