Արցախյան գորգերը՝ ինքնատիպ հայկական զարդանախշերով, ներկայացվել են իբրեւ Բաքվի պատմական հիշողություն

  • by Western Armenia, 08 Հունիսի, 2024 in Ժառանգություն
20 դիտում

Վերջին շրջանում Բաքվի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվացել է միջազգային տարբեր հարթակներում՝ ցուցահանդեսների, դասախոսությունների և գիտական լսումների տեսքով։  Այս անգամ խոսքը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում բացված «Ադրբեջանական գորգեր․ հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդեսի մասին է։ Այս մասին ահազանգում է Monument Watch հարթակը։

Արցախյան գորգերը՝ իրենց ինքնատիպ հայկական զարդանախշերով ու խորհրդաբանությամբ՝ ներկայացվում են իբրեւ Բաքվի ավանդական գորգագործության մշակույթ։  Գորգերում առկա նշանները, կենդանիների և թռչունների պատկերները, նախշերը և դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործության մշակույթում և ունեն դարավոր պատմություն։

Ցուցահանդեսը նախաձեռնվել է Լատվիայում Բաքվի դեսպանատունը։ Այն նվիրված է Բաքվի և Լատվիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որն էլ ավելի է ընդգծում միջոցառման պետական ուղղորդվածությունը։ 

Նմուշները կրկնում են Արցախի Ջրաբերդի հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-երը, Սյուինիքի և Նախիջևանի Գողթն գավառի «Որոտան» տիպի գորգը, ինչպես նաև Շիրվանի գորգերը։ 

«Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է։ Այն թևավոր Արևի կամ ուրարտական Խալդի աստվածության, զրահադաշտական Ահուրամազդայի կերպավորումներից է։ Թևավոր արևի այսպիսի պատկերագրությունը հայկական արվեստում հայտնի է դեռևս հնագույն ժամանակաշրջանից և իր արտահայտությունն է գտնում նաև Արցախ-Սյունիքի հայկական ուշմիջնադարյան գորգերում։

Հարթակը հարկ է համարում նշել, որ ցուցանմուշները Բաքվի Ազերխալչա (Azerkhalcha/Azərxalça) ընկերության արտադրանքն են, որը միակ գորգ արտադրողն է այնտեղ: Իսկ դա ցուցիչն է այն բանի, որ գործարանի կողմից ստեղծված՝ արցախյան զարդանախշերի կրկնօրինակներով հավաքածուներիի ստեղծումը ուղղորդված է, մենաշնորհային և պետական հովանավորչությամբ։

Էլ ավելի վտանգավոր է այն, որ ցուցահանդեսը նաև կրթական ծրագրերի միջոցով հայկական ջնջելու միտում ունի, որի ապացույցը նույն թանգարանում տեղի է ունեցած դասախոսություններն են, որի ընթացքում Շուշին ներկայացվել է իբրեւ Բաքվի դարավոր մշակութային մայրաքաղաք։ 

Դեռևս 2021 թվականին Բաքուն փաստաթղթեր է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Շուշին որպես ադրբեջանական քաղաք՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար, բացի այդ Բաքուն 2023 թվականին մեր հայկական Շուշին հռչակել է «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

Հայկական հարթակն ընդգծում է՝ Բաքուն, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից։ Այն խախտում է ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանզի համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ տեղեկույթով պետք է պահպանվի։