Բաքուն «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում եւ ձեւախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը

  • by Western Armenia, 05 Հունիսի, 2024 in Ժառանգություն
33 դիտում

Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք է գործի 2024 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի Պետական Համալսարանի շենքում: «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակն ահազանգում է, որ ընթանում են շինարարական աշխատանքներ․ շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով, հեռացվել է շենքի ամբողջ երեսպատումը, որն արվել էր շենքի վերջին վերանորոգման ժամանակ:

Գլխավոր ճակատից արդեն իսկ հեռացվել է հայերեն «Արցախի Պետական Համալսարան» գրությունը։ Հավանական է, կհեռացվի նաև քիչ ավելի ներքև գտնվող «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրությունը:

Արցախի Պետական Համալսարանը հիմնադրվել է 1969 թվականին, 1973 թվականին՝ ստացել ինքնուրույն կարգավիճակ։ Նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը՝ համալսարանն ուներ 5 ֆակուլտետ, 15 ամբիոն, շուրջ 3000 ուսանող և 200 դասախոս։ Համալսարանի գրադարանն ուներ ավելի քան 100 հազար կտոր գրականություն, հրատարակչություն, որտեղ հրատարակվում էին «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Արցախի համալսարան» պարբերականները: Համալսարանի բակում էր տեղադրված Արցախյան առաջին պատերազմում զոհված 75 ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանը: