2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում արձանագրվել է ադրբեջանական կողմի իրականացրած մշակութային վանդալիզմի ավելի քան 1000 դեպք։ Այս մասին COP17-ի համատեքստում անցկացված քննարկման ժամանակ հայտարարել է կովկասագետ, հասարակական գործիչ Հովիկ Ավանեսովը՝ նշելով, որ դեպքերն ապացուցվում են արբանյակային լուսանկարներով, միջազգային կազմակերպությունների զեկույցներով և ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված նյութերով։
Ավանեսովի խոսքով՝ վտանգված են ոչ միայն պատմական գերեզմանոցներն ու վանական համալիրները, այլև դրանց հարակից բնական տարածքները։ Նա, մասնավորապես, նշել է, որ Ստեփանակերտի հեռուստաաշտարակի շինարարական աշխատանքները ծավալվում են Գյուլուխանի վանքի մերձակայքում, որտեղ արդեն նկատվում է շինտեխնիկայի կուտակում։
Անդրադառնալով հայկական եկեղեցիներն ու ժառանգությունը աղվանական ներկայացնելու ադրբեջանական թեզերին՝ Ավանեսովը նշել է, որ այդ քաղաքականությունը տասնամյակների պատմություն ունի։ Նրա գնահատմամբ՝ կեղծարարության աշխարհագրությունն այսօր ընդգրկում է ոչ միայն Արցախը, Ուտիքը և Նախիջևանը, այլև Հայաստանի ու Վրաստանի տարածքներում գտնվող հայկական եկեղեցիները։ Նման վտանգի առաջ է նաև Արևմտյան Հայաստանում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին։
