Բաքվի հերթական մշակութային զոհն ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանն է

  • by Western Armenia, 04 Հունիսի, 2024 in Ժառանգություն
25 դիտում

Բռնազավթված Արցախում Բաքուն շարունակում է ոչնչացնել հուշարձանները: Այս  քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ Ահազանգում է՝ հրապարակվել էր տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Բաքվի մշակութային  ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը:

«Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»: 

Իսկ համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն»,- միջազգային օրենքները հիշեցրել է Ավանեսովը։