Գետաշեն․ պատմական հարուստ եւ փառավոր անցյալ ունեցող Արցախի ամենամարդաշատ գյուղերից մեկը

  • by Western Armenia, 19 Հունիսի, 2024 in Ժառանգություն
37 դիտում

Հայաստանի Արցախ նահանգի կենտրոնական մասում, Մռավ լեռնաշղթայի հյուսիսային անտառածածկ գոտում, Կյուրակ գետի խոր ձորի մեջ փռված է երկրամասի հինավուրց հայկական գյուղերից մեկը՝ Գետաշենը։ Պատմական հարուստ և փառավոր անցյալ ունեցող Գետաշենի տարածքում պահպանված նյութական մշակույթի հուշարձանների առկայությունը վկայում են բնակավայրի վաղ միջնադարյան գոյության մասին, իսկ հայտնաբերված որոշ հնագիտական գտածոներ վերաբերում են նախաքրիստոնեական շրջանին։

Գետաշենը եղել է Արցախի ամենամարդաշատ գյուղերից մեկը։ Մասնավորապես 19-20-րդ դարերին անցկացված մարդահամարի տվյալների արդյունքում Գետաշենը իր բնակչության թվաքանակով 2-րդն էր Արցախում։ 1914թ․ զուտ հայաբնակ Գետաշենում թվագրվում է 6080 բնակիչ։

Իր բազմամարդության և պաշտպանվելու տեսակետից հարմար դիրքի շնորհիվ Գետաշենը ինչպես 1905-1906թթ․ հայ-թաթարական ընդհարումների, այնպես էլ 1918-1920թթ․ օսմանյան և մուսավաթական զորքերի համատեղ գործողությունների ժամանակ ի տարբերություն հայկական շատ գյուղերի զերծ է մնացել հարձակումներից։ 

Գետաշենում մեծ կարևորություն են տվել նաև կրթությանը, որը ևս հին պատմություն ունի։ Առաջին ծխական արական դպրոցը բացվել է 1864թ․, իսկ 1906թ․-ից գործում էր նաև օրիորդաց դպրոցը։ 1914թ․ գյուղի ծխական դպրոցում սովորում էր 140 աշակերտ։

Գյուղամիջում պահպանվել է 3 եկեղեցի, որոնցից ամենահինը Ավագ Սբ․ Նշան կամ Նահատակ եկեղեցին է։ Եկեղեցու վրա փորագրված վիմագրի գրչությունը բնորոշ է 11-12-րդ դդ․։ 

Մյուսը Գետաշենի ծխական Սբ․ Աստվածածին եկեղեցին է, որը գտնվում է հին թաղամասի կենտրոնում, իսկ երրորդ եկեղեցին հայտնի է Կուսանաց անապատ Կուսանաց Սուրբ Տիրամոր եկեղեցի անվամբ։

Գյուղի շրջակայքում պահպանվել են նաև պատմական մի քանի հուշարձաններ։ Հատկանշական է Գետաշենից շուրջ 2կմ հարավ, անտառի փեշին հյուսիսահայաց սարալանջին գտնվող վանական համալիրը, որը հայտնի է Եղնասարի վանք անունով։

1991 թ․ Բաքուն համագործակցելով խորհրդային բանակի հետ ձեռնարկեցին հայաբնակ Գետաշենի բնակչության բռնի տեղահանման հրեշավոր գործը։ Ապրիլի վերջին սկսած գոյամարտը տևեց մեկ շաբաթ, սակայն ուժերի հարաբերակցության խիստ անհավասար լինելու պայմաններում իրագործվեց հայրենի բնօրրանից գետաշենցիների արտաքսումը։ Վերջին հայ բնակիչը գյուղը լքեց 1991թ․ մայիսի 7-ին։