Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ իտալացի հնագետները հայտնաբերել են հնագույն գերեզմաններ, այգու և ձիթենու ու խաղողի վազերի մնացորդներ, որոնք շուրջ 2000 տարվա պատմություն ունեն։
Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի մասնագետների պեղումները սկսվել են 2022 թվականին։ Հայտնաբերված հետքերը վկայում են, որ տարածքը ժամանակին եղել է գերեզմանոցային և գյուղատնտեսական գոտի։ Դրանք որոշ առումներով համընկնում են Ավետարաններում Հիսուսի թաղման վայրի նկարագրություններին։
Այնուամենայնիվ, հետազոտողները շեշտում են, որ մինչ այժմ չեն հայտնաբերվել ուղղակի ապացույցներ կամ արձանագրություններ, որոնք կհաստատեն, թե հայտնաբերված գերեզմանը պատկանել է Հիսուսին։ Պեղումները շարունակվում են՝ տաճարի և տարածքի վաղ քրիստոնեական պատմությունն ուսումնասիրելու նպատակով։
