Թալիշի հուշահամալիր․ Բաքուն շարունակում է ոչնչացնել 

  • by Western Armenia, 10 Հունիսի, 2024 in Ժառանգություն
15 դիտում

Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում գտնվող Հայրենական և Ազատագրական պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը 2020 թվականի Բաքվի օկուպացիայից հետո՝ ավերվել է, իսկ հետագայում հիմնահատակ ոչնչացվել։ Այս մասին արձանագրել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) անկախ ակադեմիական հարթակը։

Հուշահամալիրը կառուցվել է դեռևս 1968 թվականին կառուցված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի տարածքում։ 

Թալիշի ազատագրումից հետո հուշապատի ձախ կողմում հուղարկավորվել են չորս ազատամարտիկներ։ Հետագայում բարերար, ծնունդով թալիշեցի Բորիս Սաղաթելյանի առաջարկով և ֆինանսավորմամբ հուշահամալիրին կցվել է նաև Ազատագրական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանախումբը՝ արծիվների քանդակը, Ազատագրական պատերազմի զոհերի նկարներով հուշապատը և խաչքարերը։ 

Քառօրյա պատերազմից մեկ տարի անց՝ 2017թ. հուշահամալիրի մուտքի երկու կողմերում տեղադրվում է երկու հուշարձան-խաչքար՝ մեկը նվիրված Քառօրյա պատերազմի զոհերին, մյուսը Թալիշի «վերածննդին»։ Հուշարձանի տեղադրությունից հետո հուշահամալիրը ստացել է «Վերածնված Թալիշ» անվանումը։