Լույս է տեսել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն ուսումնասիրություն-պատկերագիրքը

  • by Western Armenia, 30 Հունվարի, 2023 in Ժառանգություն
178 դիտում

Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն ուսումնասիրություն-պատկերագիրքը։ Հրատարակությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2022 թ․-ին անգլերեն լեզվով։

Գիրքը նվիրված է Հայաստանի երկու հարակից նահանգների պատմությանն ու ձեռագրական ժառանգությանը:

Հատորի սկզբում աղբյուրագիտական հարուստ տվյալներով ներկայացվում է Արցախ-Ուտիքի համառոտ պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դար:

Երկրորդ գլխում ներկայացվում է Արցախի և Ուտիքի գրչության կենտրոնների պատմությունը, 13-18-րդ դդ. գրչատներում ստեղծված ձեռագիր մատյանները, որոնց մի զգալի մասը պահվում է Մատենադարանում, մի մասն էլ ցրված է աշխարհի տարբեր թանգարաններում և ձեռագրատներում:

Գրքի երրորդ մասը նվիրված է Արցախի մանրանկարչական արվեստին ու զարդանկարչությանը, որն ամբողջական պատկերացում է տալիս Արցախի-Ուտիքի մանրանկարչական դպրոցի և այնտեղ ձևավորված ձեռագրական ավանդույթների մասին:

Պատկերազարդ ձեռագրերի 100-ից ավելի նկարներ և գիտահանրամատչելի նյութեր ամփոփող հատորը միտված է հանրահռչակելու միջնադարյան Արցախի և Ուտիքի հարուստ բայց շատերին անծանոթ գրավոր ժառանգությունը: