Խնածախը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում։ Գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից է Սբ․ Հռիփսիմե եկեղեցին։
15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ, կիսանկախ կազմավորում էր, որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր, ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից։
Սյունիքում Խնածախի դերը մեծանում է հատկապես 16-րդ դարում, երբ Մելիք Հայկազի որդի Մելիք Հախնազարը մելիքության կենտրոնը Քաշաթաղ ավանից տեղափոխում է Խնածախ և կառուցում նոր ապարանք։
Մելիքանիստ գյուղի կարևոր հուշարձաններից է 17-րդ դարի Սբ․ Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է Մելիք-Հայկազյանների ապարանքից 100 մետր հյուսիս-արևմուտք։
Սբ․ Հռիփսիմե եկեղեցին ունի երկու մուտք` հարավից և արևմուտքից: Եկեղեցու և գավթի տանիքները ծածկված են բազալտե սալիկներով: 1905 թ․ եկեղեցու տանիքին ավելացվել է սրբատաշ քարով պատրաստված 6 սյուներից բաղկացած զանգաշտարակ։
Կառույցի պատերի մեջ և շրջակայքում առկա են մեծ թվով տապանաքարեր, խաչքարեր և բեկորներ, որոնց մի մասը հավաքվել է եկեղեցու հարավային պատի տակ։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» անկախ ակադեմիական հարթակ նշում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Խնածախի գերեզմանատունը հայտնվել է սահմանից 690 մ հեռավորության վրա։
