Բաքվի և Վրաստանի միջև պատմամշակութային ժառանգության շուրջ քննարկումները նոր թափ են ստացել՝ Կուրմուխի Սուրբ Գևորգ տաճարի շուրջ առաջացած տարաձայնությունների ֆոնին։ Հարցը միաժամանակ ուշադրություն է հրավիրել նաև Գելաթիի վանքում պահպանվող Գանձակի միջնադարյան դռների պատմության վրա։
Սեպտեմբերի 24-ին Վրաստանի պատրիարքարանը մտահոգություն է հայտնել Բաքվի տարածքում գտնվող Կուրմուխի տաճարի և դրա հարակից տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով հուշարձանի պատմական ու հոգևոր նշանակությունը Վրաստանի և վրաց եկեղեցու համար։ Պատրիարքարանը պահանջել է հստակեցնել իրականացվող աշխատանքների բնույթը, դրանց հիմքերը և հուշարձանի պահպանության պայմանները։
Սեպտեմբերի 25-ին Բաքվի ԱԳՆ-ն արձագանքել է հայտարարությանը՝ վրացական կողմի մոտեցումը համարելով անընդունելի։ Բաքուն ընդգծել է, որ Բաքվի տարածքում գտնվող պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները համարում է ադրբեջանական ժողովրդի և պետության ազգային ժառանգության մաս։
Վեճի համատեքստում կրկին ուշադրության կենտրոնում են հայտնվել Գանձակի միջնադարյան դռները, որոնք այժմ պահպանվում են Վրաստանի Գելաթիի վանական համալիրում։ Բաքվի նախագահի պաշտոնական կայքի տվյալներով՝ դռները պատրաստվել են 1063 թվականին Գանձակի վարպետ Իբրահիմ Օսման օղլուի կողմից, իսկ 1139 թվականի երկրաշարժից հետո տեղափոխվել են Վրաստան։
Դռների վերադարձի հարցը նախկինում ևս քննարկվել է։ 2022 թվականին Բաքվի մշակույթի նախարարությունը հայտնել էր, որ այդ հարցով բանակցություններ են ընթացել վրացական կողմի հետ, մինչդեռ Վրաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ այն երկկողմ օրակարգում ներառված չէ։
Այսպիսով, Կուրմուխի տաճարի շուրջ նոր քննարկումը կրկին առաջ է բերել տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պատկանելության, պահպանության և պատմական ժառանգության ներկայացման հարցերը։
