Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը հիշատակելու համար տուգանված թուրքական ռադիոն արդարություն է պահանջում

  • by Western Armenia, 01 Հուլիսի, 2024 in Ժառանգություն
37 դիտում

Թուրքական Açık Radyo ռադիոկայանը, որը տուգանվել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը հիշատակելու համար, դիմել է ունկնդիրներին։ 

Ռադիոկայանի հայտարարության մեջ ասվում է, որ չափազանց տարօրինակ է լսել «ատելության խոսքի» մասին մեղադրանքները, երբ պաշտպանում ես մամուլի ազատությունը: Ռադիոկայանի կայքում հրապարակված հայտարարությունից հատվածներ է արտատպել ֆրանս-հայկական Nouvelles d’Armènie պարբերականը:

Ցեղասպանության մասին խոսել է ռադիոկայանի հաղորդումներից մեկի հյուրը 2024 թվականի ապրիլի 24-ին։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ 109 տարի առաջ տեղի են ունեցել տեղահանություններ և զանգվածային սպանություններ «հայկական, այսինքն՝ օսմանյան հողերում, և այդ սպանությունները կոչվում են ցեղասպանություն»։

Ռադիոկայանը հրաժարվել է հանդես գալ նրա խոսքերի հերքմամբ, ինչից հետո մայիսի 22-ին նրա նկատմամբ տուգանք են սահմանել և 5 օրով փակել են եթերը: Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այս որոշումն ընդունել է՝ ընտրելով «ազգամիջյան երկպառակություն հրահրելու համար» ձևակերպումը։

Հանձնաժողովը նախազգուշացրել է՝ մեկ տարվա ընթացքում կրկնակի «խախտման» դեպքում եթերը կփակվի 10 օրով, իսկ երրորդ անգամ ռադիոն կզրկվի լիցենզիայից: Açık Radyo-ն բողոքարկել է այդ որոշումը, սակայն դատարանն առայժմ այն թողել է ուժի մեջ։ 

«Ցավալի է, որ մեզ հիմա մեղադրում են խտրականության համար»,-ասվում է հայտարարության մեջ։