Հայը և Հայկականը

  • by Western Armenia, 23 Մայիսի, 2024 in Ժառանգություն
49 դիտում

Ածիկ

Դեռեւս մեր նախնիների սննդային օրաբաժնում զգալի տեղ էին հատկացնում հացահատիկային կուլտուրաներից պատրաստվող սննդամթերքին` քաջ գիտակցելով վերջինիս արժեքը:

Մեր թվարկությունից դարեր առաջ մարդիկ գիտեին ծլած հատիկի  բուժիչ հատկությունների ու բարձր սննդային արժեքի մասին եւ այն օգտագործել են տարբեր կերակրատեսակներ պատրաստելիս:

Ուտեստի մշակույթի մաս են կազմում այս կամ այն ուտեստի ճաշակման ժամանակը, ձևը, միջավայրը, ճաշակելու ժամանակավոր արգելքներն ու դրանց դադարեցման եղանակները, ինչպես նաև՝ այլ գործոններ։ Վերջիններիս հիմքում ընկած է սննդատեսակի (հատիկեղեն, մսեղեն, կաթնեղեն) զոհաբերման / ընծայաբերման գաղափարը, որի նպատակն էր «հովանավոր ուժերին» հաջող բերքի համար երախտիք հայտնելը կամ գալիք բերքառատություն հայցելը, տարերային աղետներից (օրինակ՝ երաշտից, տևական անձրևներից կամ մորեխից) պաշտպանվելը։

Ըստ այդմ՝ ավանդական ուտեստի մշակույթն ունի ծիսահավատալիքային հենք և փոխկապակցված է տոնածիսական մշակույթին, որն այդ ամենի գործնական արտացոլումն է. «Հարիսան, խաշը, կաթնապուրը, մատաղը եփվում էին մեհյանների, սրբավայրերի ու եկեղեցիների մոտ և գլխավորապես նվիրված էին երկրագործությանն ու անասնապահությանը հովանավորող աներևույթ ուժերին։ Հարիսան նվիրված էր հատիկամշակությանը, կաթնապուրը՝ կաթնամթերքի առատության ապահովմանը, խաշը՝ անասնապահության հաջողությանը, մատաղը՝ ընտանիքի անկորուստ լինելուն»։  Առատություն խորհրդանշող հատիկեղենից պատրաստված ուտեստներ էին մատուցվում և՛ տնտեսական տարվա մեկնարկային՝ ձմեռ-գարուն անցման շրջանի  և՛ տնտեսական տարվա ավարտի՝ աշնանային տոների ժամանակ  ), ինչպես՝ փոխինձ, աղանձ, խաշիլ, հարիսա, խորովու և այլն։ Գարնանային տոների ժամանակ դրանք ուղղված էին բնության պտղաբերությանը նպաստելուն։ Ածիկը մասնագիտական գրականության մեջ հիշվում է որպես Մեծ պահքի կամ Զատկի կերակուր և խորհրդանշում է գարնան գալուստը։ Ածիկ պատրաստել են Այրարատում,Արցախում, Մուշում, Նոր Բայազետում, Շիրակում և այլուր։ Սյունիքից գրառված դաշտային ազգագրական նյութերի և առկա հրապարակումներում հանդիպող տվյալների համադիր վերլուծության հիման վրա առաջարկում ենք տեսակետ, ըստ որի՝ ածիկը ոչ միայն ձմեռ-գարուն անցումային շրջանում՝ տնտեսական տարվա մեկնարկին, այլ նաև աշնանային բերքահավաքից հետո՝ տնտեսական տարվա ամփոփման և գալիք տարվա նախապատրաստական շրջանում (ցանքսի տարին մեկնարկող և ամփոփող) կատարվող հատիկեղենի (մասնավորաբար՝ ցորենի) զոհաբերություն / մատաղ է՝ միտված հացահատիկի առատությանը։

Ածիկը որպես ծիսական ուտեստ

Ածիկի ծիսական ուտեստ լինելը հուշում են դրան առնչվող որոշ ավանդույթներ և հավատալիքներ, որոնք ներկայացվում են ստորև: Ածիկ բառն ունի մի քանի իմաստ․ 1․ հացաբույսերի ծլեցրած, չորացրած, մեծ-մեծ աղացած հատիկներ, որոնք օգտագործվում են գարեջրի՝ սպիրտի արտադրության մեջ։ Կոչվում է նաև կասկ, մաստ։ 2․ Ծլած ցորենը սանդի մեջ ծեծելով և քամած հեղուկը եփելով ու գոլորշիացնելով՝ պատրաստվող կերակուր, խյուս։ 

Սիսիանի շրջանի Շաքի և Անգեղակոթ գյուղերում առավել գործածական է սամանի անվանումը: Սամանը փոխառյալ բառ է և նշանակում է հարդ։ Ըստ ամենայնի՝ ուտեստի անվան սամանի տարբերակը կապված է սաման բառի հետ, քանի որ վերջինիս պատրաստման մեջ օգտագործվում է նաև ցորենահատիկից ծլած խոտը։ Ածիկը հայտնի է նաև նիշաստան (Լոռի)  կամ նիշաստա (Շիրակ) անվանումներով։

Ածիկի՝ ձմռան ավարտը խորհրդանշելն է հուշում դրա առաջացման մասին ավանդազրույցը, ըստ որի՝ ցորենը ծլեցնելու գաղափարն առաջացել է Հարքում։ Երբ մի տարի ձմեռը չէր նահանջում, «դրանով  վախեցնում էին «ձմռան աչքը»․ եթե մի տարի ածիկ չեփես, ձմեռն աներես հյուրի նման ամբողջ տարի դուրս չի գա հայոց աշխարհից»։

Շարունակելի․․․