Հայկական Գարդմանը․ Խաչիսար

  • by Western Armenia, 02 Հուլիսի, 2024 in Ժառանգություն
50 դիտում

Խաչիսարը հինավուրց, բազմադարյա մշակույթ ունեցող հայկական գյուղ է, որը ներկայումս օկուպացված է Ադրբեջանի կողմից՝ Շամխոր քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևմուտք՝ չորս կողմերից լեռներով շրջափակված գոգավորությունում։ Այն մասին, որ գյուղը ունի դարավոր ժամանակագրություն, վկայում են բազմաթիվ հուշարձանները՝ բերդերի մնացորդները, խաչքարերը, տապանաքարերը, մատուռները, եկեղեցին, Վահրամ իշխանի՝ Շամխորի և Ղալաբոյունիի 13-14րդ դարերի բերդերը :

Գյուղը նախկինում գտնվել է Խաչասար լեռան արևելյան լանջին, այնուհետև աստիճանաբար տարածվել և գրավել է նաև արևմտյան լանջը: Այն ընկած է Ջագիր գետի ափին՝ պատմական Գարդմանաց (Ուտիք) գավառի Գանձակ քաղաքից ոչ հեռու՝ Շամխոր-Գետաբեկ մայրուղու վրա: 

Հնամենի այս գյուղը դարերի ընթացքում եղել է շրջակա հայաբնակ 15-ից ավելի գյուղերի հենարանն ու անվտանգության երաշխավորը, հայ մարտական ոգին ու խորհրդանիշը: 

Ըստ ավանդության՝ Խաչասար լեռան վրա եղել է մի մեծ զանգ, որով շրջակա բնակիչներին նախազգուշացրել են թշնամիների հարձակումների մասին: Խաչիսարի հայերը 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ աչքի ընկան իրենց բացառիկ քաջությամբ և մարտական աննկուն ոգով՝ չնայած գյուղի ռազմավարական առումով անհարմար աշխարհագրական-տեղագրական դիրքին։

Գյուղը մշտապես եղել է թուրքական հարձակումների գլխավոր թիրախը, քանզի կոտրելով Խաչիսարի դիմադրությունը՝ թշնամուն, ամենայն հավանականությամբ, կհաջողվեր ճնշել երկրամասի մնացյալ բնակավայրերի ինքնապաշտպանությունը:

Սակայն, ցավոք, 1987թ․ վերջին, անպատժելիության և միջազգային ոչ պատշաճ արձագանքի արդյունքում Բաքվի իշխանության իրագործած հայահալած-ջարդարարական քաղաքականությունը, Գանձակի, Շամխորի, Խանլարի և հայաբնակ այլ շրջանների բռնի հայաթափումը, նախճիրը անասելի ծանր հետևանքներ ունեցան:

Խաչիսար գյուղի հայերի նկատմամբ 1987 թ. վերջին Բաքվի իշխանությունների իրագործած բռնություններն ու ջարդը 1988 թ. առավել սարսափելի իրադարձությունների նախերգանքը եղան։

Իրագործվեց ցեղասպանություն՝ հայ ազգաբնակչության բռնի տեղահանում հարազատ բնակավայրերից, ինչը դատապարտվում է միջազգային բոլոր օրենքներով, ՄԱԿ-ի 1948 թ. հիմնարար կոնվենցիայով։