Հայկական հոգևոր ժառանգությունը՝ Կիպրոսի Բյուզանդական թանգարանում

  • by WesternArmenia, 12 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
310 դիտում

Նիկոսիայում՝ Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում, բացվել է «Հավատք և ինքնություն․ գանձեր Հայաստանի պատմության թանգարանից» խորագրով ցուցահանդեսը՝ ներկայացնելով հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգության արժեքավոր նմուշներ։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Բյուզանդական թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի համագործակցությամբ։ Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներ, ինչպես նաև Կիպրոսում պահպանվող հայկական մշակութային արժեքներ։

Բացման արարողությանը մասնակցել են Կիպրոսի հոգևոր, պետական և մշակութային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հոգևորականներ և հայ համայնքի անդամներ։

Կիպրոսում Հայաստանի դեսպան Իննա Թորգոմյանի խոսքով՝ ցուցահանդեսը ոչ միայն պատմական արժեքների ներկայացում է, այլև երկու հնագույն քրիստոնեական մշակույթների երկխոսության և Հայաստանի ու Կիպրոսի բարեկամության խորհրդանիշ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2027 թվականի ապրիլի 9-ը՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին ծանոթանալու հայկական պատմության, հավատքի և ինքնության հարուստ ժառանգությանը։