Հայկական Նախիջեւանը․ Ցղնա

  • by Editbeglari, 03 Հուլիսի, 2024 in Ժառանգություն
419 դիտում

Ցղնա գյուղը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Հայկական այս գյուղի մասին մանրամասներ է ներկայացնում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը։

Ցղնայում աչքի է ընկել 17 տուն։ Միահարկ և երկհարկ հորինվածքներով բազմասենյակ բնակելի տներ են եղել, որոնց թվում է նաև անմահ Կոմիտասի պապերի՝ Սողոմոնենց ապարանքը։ Շինությունները հիմնականում կազմված են եղել կիսամշակ քարերից և աղյուսներից։ Հայաբնակ տների մեծ մասն այսօր ավերված է։

Ցղնայի բերդը գտնվում է գյուղի հյուսիսարևմտյան կողմի լեռնագագաթի վրա։ Բերդի պարիսպները վերածվել են ավերակների։

Առավել հայտնի է Ցղնայի Սուրբ Աստվածածին վանքը, որը գտնվում էր Ցղնա գյուղի հյուսիս-արևելյան թաղամասի հարթ վայրում։ Ներկայումս Սուրբ Աստվածածին վանքը ավերված է։

Վանքը կառուցվել էր 12-13-րդ դարերում։ Մի քանի անգամ վերանորոգվել էր։ 17-րդ դարի կեսերին Մովսեսի և Փիլիպոսի կողմից կազմակերպվել էր Գողթն և Երնջակ գավառների հուշարձանների վերանորգում, որի ընթացքում վերանորոգվել էր նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Վիմագիր արձանագրություններից մեկում նշված էր, որը եկեղեցին վերանորոգվել էր նաև 1683 թվականին։ Վանական համալիրը կազմված էր Սուրբ Աստվածածին եկեղեցուց, զանգակատնից, պարսպից, օժանդակ շինություններից և գերեզմանոցից։

Եկեղեցու հարավային մուտքի առջև գտնվում էր եռհարկ զանգակատունը։ Կառուցված էր կարմրավուն երանգ ունեցող սրբատաշ քարերից։ Գմբեթի բարձրությունը 3-4 մետր չափով բարձր էր եկեղեցու ծածկից։ Զանգակատան առաջին հարկի երկու մույթերի հարավային ճակատներում, կամարների ուղղությամբ, ուղղանկյունի և դեպի ներս գլանաձև որմնախորշերի մեջ բավականին մեծությամբ քանդակված էին մեկական բարձրաքանդակներ՝ «Քրիստոսի խաչելությունը» և «Աստվածամոր» կանգուն պատկերաքանդակը։