«Հիշողության տետրերը» ցուցահանդեսը՝ հայ կանանց թողած ժառանգության մասին

  • by WesternArmenia, 23 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
107 դիտում

Ստամբուլի «Հայելի անցում» ցուցասրահում բացվել է «Հայ Գինից մինչև Արշո․ Հիշողության տետրերը» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայ կանանց գրավոր ժառանգությունն ու նրանց թողած պատմական հետքերը։ Կանանց ստեղծագործությունների գրադարանի և տեղեկատվական կենտրոնի հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսը բաց է այցելուների համար հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 14-ը։

Ցուցադրության հիմքում 1919–1933 թվականներին Կոստանդնուպոլսում հրատարակված «Հայ Գին» («Հայ կին») պարբերականն ու Արշալույս Դոնիկօղլուի՝ Արշոյի անձնական օրագրերն են։ Հայկանուշ Մարկի նախաձեռնությամբ լույս տեսնող ամսագիրը անդրադառնում էր կանանց կրթությանը, աշխատանքին, հասարակական դիրքին ու իրավունքներին, ինչպես նաև հայ համայնքի կյանքում տեղի ունեցող փոփոխություններին։

Ցուցահանդեսում հանրային կյանքն արտացոլող պարբերականի էջերը համադրված են անձնական օրագրերի հետ՝ ներկայացնելով կանանց փորձառության, առօրյայի և հիշողության տարբեր դրսևորումները։ Նկարիչ Դամլա Սանդալը Արշոյի օրագրերի ընտրված էջերը վերամեկնաբանել է ասեղնագործության միջոցով՝ ցուցադրությանը հաղորդելով նաև գեղարվեստական նոր շերտ։