Սբ․ Գեւորգ Եկեղեցին գտնվում է Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հյուսիսային մասում:
Այն կառուցվել է 17-րդ դարում։ Այդ մասին վկայում է դռան քարի վրա զետեղված կարճ արձանագրությունը։ Եկեղեցին նկարագրել և արձանագրությունը հրատարակել է Մակար Բարխուդարյանցը: Եկեղեցու մեծ մասը քանդվել է խորհրդային տարիներին: Պահպանվում էր միայն հյուսիսային պատը և որոշ ծավալներ:
Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնվել է ճարտարապետ Վալերի Հայրապետյանի նախագծով 2018 թվականին: Վերականգնման աշխատանքների ժամանակ օգտագործվել են հին եկեղեցու մնացած քարերը, բազմաթիվ խաչքարեր, որոնք գտնվել են տարածքից: Եկեղեցու վերականգնման ժամանակ տեղադրվել է նոր բարավոր, որի վրա արվել է եկեղեցու վերականգնման մասին արձանագրությունը։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» անկախ ակադեմիական հարթակից հայտնում են, որ եկեղեցու ներկայիս ծավալները չեն տուժել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Սակայն 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո եկեղեցու ճակատագիրն անհայտ է:
