«‎Մենք ենք, մեր տեղանունները»

  • by Western Armenia, 17 Փետրվարի, 2024 in Ժառանգություն
71 դիտում

 Վանական համալիրների, վանքերի ու եկեղեցիների անվանափոխումների ժամանակ թուրքերը երբեմն, պարզապես, դիմել են հաշվելու մեթոդին: 

Նրանք հաշվել են վանական համալիրի մեջ մտնող եկեղեցիների, և կամ էլ` եկեղեցու ունեցած խորանների թիվն ու այդ թվական անվամբ էլ՝ վերանվանել հայկական պատմամշակութային հուշարձանը:

Այսպես` Արևմտյան Հայաստանում, Վանա լճի հարավ -արևելյան ափամերձ շրջանում, Վան քաղաքից’ արևելք, Վարագա լեռան լանջին էր գտնվում միջնադարյան Հայաստանի գրչության ու մշակութային նշանավոր կենտրոն հանդիսացած՝ Վարագավանքը, որն ուներ մատենադարան, և որտեղ Խրիմյան Հայրիկը 19-րդ դարի երկրորդ կեսին հիմնադրել էր տպարան: Վարագավանքի վանական համալիրի մեջ մտնող՝ նրա յոթ` Սբ. Աստվածածին, Սբ. Գևորգ, Սբ. Խաչ, Սբ. Հովհաննես, Սբ. Նշան, Սբ. Սիոն, Սբ. Սոֆի եկեղեցիների համար վանքը թուրքերի կողմից հենց այդպես էլ կոչվել է՝ Եդիքիլիսե (եդի=յոթ, քիլիսե =եկեղեցի):

Արևմտյան Հայաստանի պատմամշակութային մեծ ու փառավոր կառույցներից մեկը` Սբ. Հովհաննես կամ Բագրևանդի վանքը, գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառում, նոր ժամանակներում` Կարինի  նահանգի Բայազետի գավառում, Դիադին գյուղաքաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք, նշանավոր Նպատ լեռան հյուսիս-արևելյան կողմում, Վանք գյուղում: Վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, նրա մոտ` Արածանի գետի ջրերում մկրտել հայոց Տրդատ Գ թագավորին և այլոց, ու վանքում տեղադրել Սբ. Հովհաննեսի մասունքները: Վանքը երեք խորան ունենալու համար՝ թուրքերն անվանափոխել են՝  Ուչքիլիսե (ուչ =երեք, քիլիսե- =եկեղեցի):