Մենք ենք, մեր տեղանունները

  • by Western Armenia, 05 Փետրվարի, 2024 in Ժառանգություն
240 դիտում

Western Armenia TV-ն « Մենք ենք, մեր տեղանունները» շարքում ներկայացնում է պատմական  Խարբերդի անվանափոխման թուրքական սկզբունքները։ 

Արածանի (Արևելյան Եփրատ) գետի ձախափնյակում` Ծովք լճից հյուսիս -արևմուտք գտնվող Խարբերդ քաղաքը հնում մտնում էր Մեծ Հայքի Ծոփք աշխարհի Անձիտ (Հանձիթ) գավառի մեջ: Խարբերդ անվան ծագումը կապվում է Խարբերդի տարածքում հնագույն ժամանակներում գտնվող Խար գյուղի անվան հետ, որին քաղաքի բերդի կառուցման հետ հետագայում ավելացել է նաև « բերդ» բառը` դառնալով Խարբերդ: Խարը խուրրիերեն ստուգաբանվում է որպես « ճանապարհ», ուստի և Խարբերդ նշանակում է « ճանապարհի բերդ»:  Պատմաբան Մհեր Հովհաննիսյանը գրում է․

«... Խար հին բառ է, որ նշանակել է  ճանապարհ և բերդը շինված է եղել ճանապարհին՝ իբրև ապաստան»: Նա դարձյալ անդրադառնում է այս հարցին և գրում. «Ըստ ոմանց ՝ Խար մի հին լեզվով նշանակում է ճանապարհ և տեղը կոչվել է Ճանապարհների քաղաք֊բերդ»:  Դա հասկանալի է, քանի որ Խարբերդի գավառով և Խարբերդի դաշտով էր անցնում Պարսից Դարեհ 1֊ինի  ՝ Առաջավոր Ասիայում կառուցած տարանցիկ մայրուղին՝ «Արքայական ճանապարհը»: Վաղ ժամանակներից եկող Խարբերդ անունը թուրքերն այլափոխել են Հարփութ: Խարբերդ քաղաքի ժայռոտ տեղանքն ու ջրազուրկ կլիմայական պայմանները չեն գոհացրել տեղի հայերին, և նրանց մի մասը 1617 թ. տեղափոխվել է Խարբերդից հարավ -արևմուտք ընկած քաղաքամերձ հարթավայրը ու ,հիմնադրելով նոր քաղաք, այն կոչել Նոր Խարբերդ: 

Վերջինս 1878 թ. դարձել է Խարբերդի նահանգի վարչական կենտրոնը, որը անվանվել է Մեզիրե (Մեզրե), որի մազրա ձևը,ըստ  ակադեմիկոս Հր. Աճառյանի,Աբդուլ -Ազիզի սուլթանության ժամանակ (1861-1876 թթ.) քաղաքն անվանափոխվել է Մամուրեթ-ուլ -Ազիզ, նույն անվամբ էլ կոչվել է նաև Խարբերդի նահանգը: Քաղաքը և նահանգը հետագայում կոչել են Էլյազըգ, որը թուրքական անձնանուն է:  

Հայկական լեռնաշխարհում՝ Հայկական Տավրոս լեռնահամակարգից հյուսիս, Արածանի գետի ստորին հոսանքի շրջանում,  գտնվում է Խարբերդի դաշտը, իր գեղեցկության համար հենց այդպես էլ անվանել են` Գեղեցիկ դաշտ, իսկ բերրիության համար դեռ վաղնջական ժամանակներից հայտնի էր Ոսկեղեն դաշտ անվամբ: Դաշտը կոչվել է նաև Ալելուա անվամբ, որը թուրքերը վերաիմաստավորելով այլափոխել են` դարձնելով Ուլուօվա (ուլու= մեծ, օվա= դաշտ), և այդ անունը տվել դաշտի մեծ մասը կազմող հատվածին, սակայն այն կրկին անվանափոխել են՝ կոչելով այդտեղ գտնվող Մոլլաքենդ գյուղի անունով` Մոլլաքենդի դաշտ: Ըստ Հր. Աճառյանի՝ մոլլան նշանակում է մահմեդական սպիտակ փաթթոցով կրոնավոր , իսկ քենդը ՝  գյուղ: Խարբերդի դաշտի մյուս հատվածը ներկայումս կոչվում է ՝ Էլյազըգ:

Շարունակելի․․․

Western Armenia TV-ի լրագրող Աշխեն Վիրաբյան