


Արևմտյան Հայաստանի Բյուրակնի (Բինգյոլ) Ադաքլի բնակավայրում պատմական Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու մնացորդները պահպանվել են ներկայիս Կենտրոնական մզկիթի և Ղուրանի դպրոցի տակ։ Պատմական աղբյուրներում Աստղաբերդ անունով հիշատակվող բնակավայրում 1872 թվականին եղել է 79 հայկական և 29 քրդական տնտեսություն։
Եկեղեցու պահպանված հատվածներից առանձնանում է կամարակապ քարաշեն սենյակը, որի մուտքի քարին պատկերված է Սուրբ Գևորգի՝ ձիու վրա վիշապին նիզակահարելու բարձրաքանդակը։ Եկեղեցու տարածքի հետ է կապված նաև հին սուրբ աղբյուրը, որի ջուրը մինչ օրս հոսում է շրջանի շատրվանից։
Սակայն հայկական պատմամշակութային այս հուշարձանը պատշաճ պահպանության չի արժանանում․ եկեղեցու մնացած հատվածն այժմ օգտագործվում է որպես պահեստ։ Բարձրաքանդակը և պատմական կառույցը վտանգված են գանձագողերի ու անուշադրության պատճառով՝ հրատապ դարձնելով դրանց պահպանության անհրաժեշտությունը։
