Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ահազանգում է Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին։
Նրա խոսքով՝ հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանոցների, հուշարձանների և պատմական բնակավայրերի ոչնչացման, վնասման, վերափոխման և ինքնության խեղաթյուրման դեպքերը շարունակվում են՝ սպառնալով Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանմանը։
Ավանեսովը ընդգծում է, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն առանձին հուշարձանների, այլև հայկական պատմական հիշողության և մշակութային ինքնության պահպանմանը։ Նա միջազգային կառույցներին կոչ է անում ուժեղացնել մշտադիտարկումը, փաստագրել խախտումները, ապահովել միջազգային մասնագետների հասանելիությունը և ձեռնարկել գործնական քայլեր՝ նոր ու անդառնալի կորուստները կանխելու համար։
Նրա գնահատմամբ՝ միայն հայտարարություններն ու մտահոգությունները բավարար չեն։ Անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ՝ Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու և դրա պատմական ինքնության աղավաղումը կանխելու համար։
