«Մշո ճառընտիրը»․ հայ կանանց հերոսությունն ու ազգային հիշողության փրկությունը

  • by WesternArmenia, 16 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
209 դիտում

Հոկտեմբերի 13-ին Երևանում՝ «Զանգակ» գրատանը, ներկայացվել է իտալահայ գրող Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանությունը։ Վարդան Մատեոսյանի թարգմանությամբ և «Սիս» հրատարակչության լույս ընծայած գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին հայերեն ամենամեծ ձեռագրերից մեկի՝ Մշո ճառընտիրի փրկության իրական պատմությունը։

Հեղինակը վեպում կարևորում է հայ կանանց խիզախությունն ու անձնազոհությունը, որոնք, հաղթահարելով անձնական ողբերգություններն ու բազմաթիվ փորձություններ, պայքարել են հայկական մշակութային անգնահատելի գանձը փրկելու համար։ Պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն նաև հույն կերպարները, որոնք օգնության ձեռք են մեկնել հայերին։

Գրքի շնորհանդեսի ընթացքում ընթերցվել են հատվածներ, որոնք ներկայացնում են կոտորածների ու տեղահանությունների սարսափները և հայ կանանց՝ գոյատևելու ու իրենց ժառանգությունը պահպանելու պայքարը։

Անտոնիա Արսլանի խոսքով՝ վեպի առանցքում երկու կարևոր գաղափար է՝ հայ կանանց տոկունությունն ու գրավոր մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը։ Մշո ճառընտիրի փրկության պատմությունը հիշեցնում է, որ ձեռագրերը պարզապես անցյալի վկաներ չեն, այլև հայ ժողովրդի ազգային հիշողության, մշակութային շարունակականության և ինքնության խորհրդանիշներ։