Արևմտյան Հայաստանի Բեթմանի նահանգի Գերջուշ (Կերջևս) գավառի Բընքելբե (Չուքուրյութ) գյուղում վերաբացվել է երկար տարիներ չգործող Մոր Շեմուն դ’Զեյթե ասորական եկեղեցին։ Եկեղեցին վերականգնվել է 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո արտերկիր տեղափոխված ասորական ընտանիքների աջակցությամբ, որից հետո այնտեղ մատուցվել է առաջին պատարագը։
Տուր Աբդինի ավանդական քարաշեն ճարտարապետությունը կրող եկեղեցին վկայում է Բընքելբեում ասորական համայնքի պատմական ներկայության և տարածաշրջանի բազմակրոն անցյալի մասին։
Եկեղեցին նվիրված է Մոր Շեմուն դ’Զեյթեին, որը ապրել է 657–734 թվականներին։ Ըստ ավանդության՝ նա Մոր Գաբրիել վանքում ստանալով կրոնական կրթություն՝ շուրջ 12 հազար ձիթենու տնկի է տնկել վանքի շրջակայքում և նպաստել տարածաշրջանում ձիթապտղագործության զարգացմանը։ Այդ պատճառով էլ նրան տրվել է ասորերեն «դ’Զեյթե»՝ «ձիթենագործ» անվանումը։
