Սեպտեմբերի 28-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ «Մուսա լեռից Սփյուռք․ ինքնություն, հիշողություն և համայնք» խորագրով բանախոսություն։ Բանախոսը Կանադայի «Հորիզոն» և ԱՄՆ-ի «Հայրենիք» թերթերի նախկին գլխավոր խմբագիր, գրող և հետազոտող Վահագն Գարագաշյանն էր։
Գարագաշյանը ներկայացրեց Մուսա լեռան հայության պատմությունը, 1915 թվականի հերոսամարտը, մուսալեռցիների հետագա գաղթերը, Այնճարի հայկական համայնքի ձևավորումն ու ազգային ինքնության պահպանման ուղիները։
Մուսա լեռան հերոսամարտը տևեց 45 օր՝ 1915 թվականի հուլիսի 31-ից մինչև սեպտեմբերի 13-ը։ Մովսես Տեր Գալուստյանի գլխավորությամբ շուրջ 600 հայ մարտիկներ դիմադրեցին օսմանյան զորքերին։ Սեպտեմբերի 12-13-ին ֆրանսիական հինգ ռազմանավեր շուրջ 4000 մուսալեռցիների տեղափոխեցին Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ։ Հետագայում մուսալեռցի կամավորները կարևոր դեր ունեցան նաև Հայկական լեգեոնի կազմում։
1919 թվականին մուսալեռցիների մի մասը վերադարձավ իր պապենական գյուղերը, սակայն 1939 թվականին, երբ Ալեքսանդրեթի վարչատարածքը փոխանցվեց Թուրքիային, նրանք կրկին ստիպված եղան հեռանալ։ 5125 մուսալեռցիներ տեղափոխվեցին Լիբանանի Բեքաայի հովիտ և այնտեղ հիմնեցին Այնճար քաղաքը։ Նրանց մի մասը հետագայում հայրենադարձվեց Հայաստան։
Բանախոսության ընթացքում անդրադարձ եղավ նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպին, որը Մուսա լեռան հերոսամարտը ներկայացրեց համաշխարհային ընթերցողին և դարձավ պատմական հիշողության կարևոր մաս։
Գարագաշյանը առանձնացրեց Վագըֆի և Այնճարի օրինակները՝ որպես ազգային ինքնության պահպանման կարևոր կենտրոններ։ Այսօր Այնճարում գործում են հայկական դպրոցներ, եկեղեցիներ, մշակութային, մարզական և բարեսիրական կազմակերպություններ։ Մուսալեռցիները շարունակում են պահպանել նաև իրենց բարբառը, երգերը, ավանդապատումները և ավանդական պարերը։
