Նախիջեւանի պատմական Բիչանակ գյուղ

  • by Western Armenia, 29 Հունիսի, 2024 in Ժառանգություն
43 դիտում

Նախիջևանի պատմական Բիչանակ գյուղը գտնվում է Նախիջևան գետի վերին հոսանքի շրջանում, Սիսիանի լեռնանցքից ներքև, Շահբուզից Սիսիան տանող ճանապարին։ Այն Շահբուզ շրջանի մեծ գյուղերից մեկն է, տեղակայված է անտառի փեշին, գետափին։ Գյուղի պատմական հայկական անունը կոչվել է Ոփիք, հնում գյուղատեղին հայտնի էր նաև «Մարնի փոշտ» անվանումներով։ Մինչև հայերի գաղթը այն կոչվել է Բջնակ, հետագայում հայկական գրականության մեջ գյուղը շարունակել է կոչվել նույն կերպ։

Ներկայիս գյուղից մոտ 3 կմ վերև, անտառի մեջ գտնվում է «Մարնի փոշտ» ավերված գյուղատեղին, որտեղ այժմ էլ առկա են հայկական եկեղեցու ավերակներ, իսկ Սիսիան տանող ճանապարհին գտնվող աղբյուրի շրջակայքից հայտնաբերվել են մեծ քանակությամբ հայկական տապանաքարեր։

Բիչանակ գյուղի շրջակայքի հնությունները վկայում են, որ այդ վայրը, անտառի բացատները եղել են հայկական վաղեմի բնակավայրեր։ Ներկայիս գյուղից վերև, Բաթաբաթ վայրում, կան հայկական միջնադարյան մի գյուղի ավերակներ՝ քնդված եկեղեցի, գերեզմանատուն, տների հետքեր։ 

Հայտնի չէ թե երբ է դադարել կյանքը «Մարնի փոշտ» գյուղատեղում և երբ է հաստատվել ներկայիս գյուղը, սակայն հայտնի է, որ 1677 թ․ Շարիֆ խանը ավերել է գյուղը և սրի քաշել բնակչության մի մասին։