Նոր գիրք՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության մասին

  • by Editbeglari, 24 Հուլիսի, 2026 in Ժառանգություն
163 դիտում

Կորնելի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Ժառանգության հետաքննություն․ մշակույթը հայ-ադրբեջանական հակամարտության առաջնագծում» («Heritage Forensics: Culture on the Front Lines of the Armenia-Azerbaijan Conflict») գիրքը, որի հեղինակներն են Լորի Խաչատուրյանը, Ադամ Թ. Սմիթը, Յան Լինդսեյը և Հուսիկ Ղուլյանը։

Աշխատությունը ներկայացնում է մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման և պաշտպանության խնդիրները՝ առաջարկելով «ժառանգության հետաքննություն» նորարարական մեթոդաբանությունը։ Այն համադրում է արբանյակային պատկերների վերլուծությունը, թվային տեխնոլոգիաները, պատմական աղբյուրներն ու միջգիտակարգային հետազոտությունները՝ մշակութային ժառանգության նկատմամբ կատարված խախտումները փաստագրելու նպատակով։

Գրքում առանձնահատուկ տեղ է հատկացվում Արցախի և Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությանը։ Հեղինակները վերլուծում են 1988-2023 թվականների իրադարձությունները՝ անդրադառնալով հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի և այլ հուշարձանների ոչնչացման ու յուրացման դեպքերին։

Աշխատությունում ներկայացվում է նաև Caucasus Heritage Watch (CHW) նախաձեռնության գործունեությունը, որը 2020 թվականից իրականացնում է տարածաշրջանի մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկում՝ օգտագործելով արբանյակային պատկերներ և գիտական հետազոտության ժամանակակից մեթոդներ։

«Ժառանգության հետաքննություն» գիրքը կարևոր ներդրում է մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով փաստահեն հետազոտությունների, միջազգային իրավական մեխանիզմների և պատմական հիշողության պահպանման նշանակությունը ժամանակակից հակամարտությունների պայմաններում։