Բաքվի վերահսկողության տակ գտնվող Արցախի Շուշի քաղաքում շարունակվում է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոչնչացման քաղաքականությունը։ Հերթական թիրախը դարձել է Շուշիի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը, որտեղ պահպանվել էին միջնադարյան հայկական խաչքարեր, ինչպես նաև XIX դարի հայկական և ռուսական գերեզմաններ։
Caucasus Heritage Watch-ը, վկայակոչելով արբանյակային մշտադիտարկման տվյալները, ահազանգում է գերեզմանոցի աստիճանական ոչնչացման մասին։ PlanetScope-ի արբանյակային պատկերների համադրությունը ցույց է տալիս տարածքի էական փոփոխություններ և պատմական գերեզմանների վերացման գործընթաց։
Շուշիի հայկական գերեզմանատների ոչնչացումը նոր երևույթ չէ․ նախկինում ևս փաստագրվել են քաղաքի հայկական պատմական գերեզմանների վնասման և ոչնչացման դեպքեր։
Պատմական գերեզմանոցները ոչ միայն գերեզմանաքարերի տարածքներ են, այլև տվյալ ժողովրդի բազմադարյա ներկայության, մշակույթի, համայնքային կյանքի և պատմական հիշողության կարևոր վկայություններ։ Դրանց ոչնչացումը վտանգում է նաև Շուշիի հայկական պատմական ինքնության նյութական հետքերի պահպանումը։
Արցախի մշակութային ժառանգության պահպանման մասնագետները միջազգային կառույցներին կոչ են անում գործուն քայլեր ձեռնարկել, ապահովել անկախ մշտադիտարկում և կանխել հայկական գերեզմանատների, եկեղեցիների, խաչքարերի ու այլ պատմական հուշարձանների հետագա ոչնչացումը։
