Բինգյոլի պատմական Քիղի-Ադաքլը շրջանի Չանաքչը գյուղում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին կանգնած է ոչնչացման վտանգի առջև։ 1915 թվականից առաջ գյուղում բնակվել է 177 տուն՝ 1216 հայ բնակչությամբ, իսկ եկեղեցին համայնքի կարևոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։
Պատմական աղբյուրների համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1800 թվականին (որոշ աղբյուրներում՝ 1817-ին)՝ Կոստանդնուպոլսում ճարտարապետական կրթություն ստացած քիղեցի վարպետ Զադուրի կողմից։ Սև բազալտից կառուցված եռանավ բազիլիկ եկեղեցին առանձնանում է քարե սյուներով և թաղակապ ծածկով։
Չանաքչըի հայկական դպրոցը հիմնադրվել է 1880-ականների սկզբին։ 1901 թվականին այնտեղ սովորել է 75, իսկ 1913 թվականին՝ արդեն 190 աշակերտ։
Հետագա տարիներին Սուրբ Կիրակոս եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես գյուղի մզկիթ, սակայն նոր մզկիթի կառուցումից հետո լքվել է։ Այսօր շենքի պատերին ճաքեր են առաջացել, տանիքը ծածկված է բուսականությամբ, իսկ ներսում ապօրինի պեղումների հետևանքով վնասվել են հատակն ու սյուների հիմքերը։ Չնայած դրան՝ եկեղեցու քարե կամարներն ու սյուները, ինչպես նաև պատերի ներկերի և որմնանկարների հետքերը, դեռևս պահպանվում են՝ վկայելով կառույցի պատմական արժեքի մասին։
