Չըլդրի լիճը , որը գտնվում է Կարսի Աղբյուրիկ և Արդահանի Չըլդիր գավառների միջև, գարնան գալուստով կրկին դարձել է չվող թռչունների կարևոր հանգրվան։ Թեև լճի մեծ մասը դեռևս պատված է սառույցով, այն արդեն հյուրընկալում է բազմաթիվ թռչնատեսակների՝ ստեղծելով յուրահատուկ բնական տեսարան։
Արևմտյան Հայաստանի բարձրավանդակում գտնվող Չըլդրի լիճը, որը Վանա լճից հետո տարածաշրջանի երկրորդ խոշորագույն քաղցրահամ լիճն է, գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 1959 մետր բարձրության վրա։ Լճում և նրա վեց կղզիներում նկատվել են Վանա լճի ճայեր, թեփավոր հավալուսաններ, վայրի սագեր, կանաչագլուխ բադեր, անգուտներ և ջրային այլ թռչուններ։
Տեղացիների խոսքով՝ այս տարի ցրտաշունչ եղանակի և տաք հարավային քամիների բացակայության պատճառով սառույցի հալոցքը ուշացել է։ Սովորաբար մարտի երկրորդ կեսից սկսվող հալոցքը այս տարի դեռ ամբողջությամբ չի ավարտվել։
Չըլդրի լիճը շարունակում է մնալ տարածաշրջանի բնապահպանական կարևոր կենտրոններից մեկը՝ գարնան ամիսներին վերածվելով իսկական «թռչունների դրախտի»։
