Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարն ամբողջությամբ ոչնչացվել է․ Հովիկ Ավանեսով

  • by Editbeglari, 29 Օգոստոսի, 2026 in Ժառանգություն
89 դիտում

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարի մուտքի դռները բացառիկ մշակութային և գեղարվեստական արժեք էին ներկայացնում։ Ամբողջովին ձեռքի աշխատանքով, բարձր վարպետությամբ ստեղծված այս եզակի ստեղծագործությունները հայկական հոգևոր արվեստի, ազգային մշակութային ինքնության և ժամանակակից հայ արվեստագետի ստեղծագործական մտքի ամենավառ դրսևորումներից էին։ Դրանց հեղինակը հայտնի նկարիչ և քանդակագործ Ռոբերտ Ասկարյանն է, ում ստեղծած դռները Մայր տաճարին հաղորդում էին առանձնահատուկ գեղարվեստական ու մշակութային նշանակություն։ Դռների յուրաքանչյուր հատված, զարդանախշ և քանդակային լուծում ստեղծվել էր մանրակրկիտ և անհատական աշխատանքով։ Դրանք տաճարի սովորական մուտքի դռներ չէին, այլ արվեստի ինքնուրույն և ամբողջական ստեղծագործություններ՝ իրենց մեջ ամփոփելով հայկական քրիստոնեական մշակույթի խորհրդանիշները, ազգային հիշողությունը և դարավոր գեղարվեստական ավանդույթները։ Այդ իսկ պատճառով դրանց կորուստը պետք է դիտարկել որպես հայկական մշակութային ժառանգությանը հասցված անդառնալի վնաս։ Արբանյակային մշտադիտարկման տվյալները վկայում են, որ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարը ամբողջությամբ ոչնչացվել է 2026 թվականի մարտի 3-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Տաճարի ոչնչացման հետևանքով անդառնալիորեն կորսվեցին նաև նրա անբաժանելի մասը կազմող գեղարվեստական արժեքները, այդ թվում՝ Ռոբերտ Ասկարյանի ստեղծած բացառիկ մուտքի դռները։