Կ․Պոլսի Սկյուտար թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը հայտնել է, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը անհայտ անձը ներխուժել է Պաղլարբաշըի Սուրբ Կարապետ գերեզմանատուն և վնասել վեց դամբարան, ինչպես նաև գերեզմանատան տարածքում գտնվող աղբյուրը։
Դեպքը խոր ցավ և վրդովմունք է առաջացրել համայնքի անդամների շրջանում, հատկապես այն ընտանիքների, որոնց հարազատները հանգչում են այդ գերեզմանատանը։
Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին, որոնք սկսել են քննություն՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Հայոց Պատրիարքարանը խստորեն դատապարտել է համայնքի սրբավայրի և հանգուցյալների հիշատակին ուղղված այս վանդալիզմի դեպքը՝ շնորհակալություն հայտնելով անվտանգության ծառայություններին՝ գործի բացահայտման ուղղությամբ ցուցաբերած օպերատիվ և պատասխանատու աշխատանքի համար։
Համայնքը հույս է հայտնում, որ հանցագործը շուտով կհայտնաբերվի և կենթարկվի արդարադատության։
