Վանդալիզմ հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը․ մեկ անձ ձերբակալվել է

  • by Editbeglari, 10 Հուլիսի, 2026 in Ժառանգություն
124 դիտում

Պոլիսի Ուսկյուդար շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմի գործով մեկ անձ ձերբակալվել է։ Հուլիսի 8-ին Թուրքական դատախազությունը քրեական վարույթ էր նախաձեռնել գերեզմանատան նկատմամբ իրականացված հարձակման կապակցությամբ։

Քննության արդյունքում իրավապահները պարզել են կասկածյալի ինքնությունը և նրան բերման ենթարկել։ Դատախազությունում ցուցմունք տալուց հետո նա ներկայացվել է դատարան՝ կալանավորման միջնորդությամբ։

Ըստ Ուսկյուդարի Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի՝ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Անհայտ անձը, հաղթահարելով գերեզմանատան պատը, վնասել է վեց գերեզման և ջրավազանը։ Վնասվել են նաև վեց տապանաքարերի վրա պատկերված խաչային զարդաքանդակները։

Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել է ոստիկանությանը, որը սկսել է հետաքննություն։ Հայ համայնքի ներկայացուցիչները դատապարտել են կատարվածը՝ ընդգծելով պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ հարգանքի պահպանման անհրաժեշտությունը։