Վանի Վարագ լեռան լանջին գտնվող հայկական նշանավոր վանական համալիրի՝ Վարագավանքի ներկայիս վիճակը կրկին քննարկումների առիթ է դարձել թուրքական սոցիալական ցանցերում։ Տարածված լուսանկարները ուշադրություն են հրավիրել պատմական հուշարձանի շարունակական քայքայման և դրա պահպանության անհրաժեշտության վրա։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վանական համալիրի տարածքը գրանցված է հայտնի հրապարակախոս Ֆաթիհ Ալթայլըի պապի՝ Հյուսամեթթին Ալթայլըի անունով։ Ալթայլըն նախկինում հայտարարել էր, որ պատրաստ է ընտանիքի մյուս ժառանգների հետ քննարկել տարածքը պետությանը փոխանցելու հարցը՝ առաջարկելով, որ համապատասխան մարմինները քայլեր ձեռնարկեն պատմական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։
Վարագավանքը տարիների ընթացքում զգալի վնասներ է կրել։ 2011 թվականի Վանի երկրաշարժից հետո համալիրի վիճակն ավելի է վատթարացել, իսկ անհրաժեշտ պահպանական աշխատանքների բացակայությունը նպաստել է դրա հետագա քայքայմանը։
Վարագավանքը հայկական միջնադարյան ճարտարապետության և հոգևոր ժառանգության արժեքավոր հուշարձաններից է։ Դրա պահպանության հարցը դուրս է գալիս սեփականության իրավական կարգավիճակի շրջանակներից՝ վերածվելով պատմական մշակութային ժառանգության պաշտպանության կարևոր խնդրի։
