Արևմտյան Հայաստանի Չանաքչը գյուղի Սուրբ Կիրակոս եկեղեցին՝ անցյալի լուռ վկան
Արևմտյան Հայաստանի Բյուրակնի (Բինգյոլ) նահանգի պատմական Քղի գավառի Չանաքչը գյուղում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այսօր կանգնած է փլուզման վտանգի առաջ։ Անտերության մատնված և ժամանակի ընթացքում վնասված այս կառույցը շարունակում է վկայել շրջանի հայկական պատմության ու մշակութային հարուստ ժառանգության մասին։
Եկեղեցին կառուցվել է 1800 թվականին՝ ըստ որոշ աղբյուրների՝ 1817-ին, Ստամբուլում ճարտարապետական կրթություն ստացած և հայրենի բնակավայր վերադարձած վարպետ Ծատուրի ձեռքով։ Տեղական սև բազալտից կառուցված եռանավ բազիլիկը հայտնի է իր քարե սյուներով, կամարներով և թաղակապ առաստաղով։ Մինչև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը այն ծառայել է գյուղի հայ համայնքին։
Չանաքչըի հայկական կյանքում կարևոր տեղ է զբաղեցրել նաև դպրոցը, որը հիմնադրվել է 1880-ականների սկզբին։ Եթե 1901 թվականին այնտեղ սովորում էր 75 աշակերտ, ապա 1913-ին նրանց թիվը հասել էր 190-ի՝ ներառելով նաև աղջիկների։ Եկեղեցին ու դպրոցը գյուղի հոգևոր և կրթական կյանքի կենտրոններն էին։
Հետագայում եկեղեցին օգտագործվել է որպես մզկիթ, սակայն նոր մզկիթի կառուցումից հետո լքվել է։ Այսօր պատերին խոր ճաքեր են, տանիքին աճած ծառերն ու բուսականությունը վտանգում են շինության ամրությունը, իսկ գանձագողերի փորած հատվածներն ավելի են վնասել կառույցը։ Չնայած ավերածություններին՝ եկեղեցու քարե կամարներն ու սյուները դեռ պահպանել են իրենց երբեմնի վեհությունը։
Սուրբ Կիրակոս եկեղեցին ոչ միայն ճարտարապետական հուշարձան է, այլև Չանաքչըի երբեմնի հայաբնակ անցյալի հիշողությունը։ Դրա պահպանությունը կարևոր է պատմական ժառանգության կորստից փրկելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար։
