Տիգրանակերտի հնագիտական թանգարանը

  • by Western Armenia, 13 Հունիսի, 2024 in Ժառանգություն
39 դիտում

Տիգրանակերտի հնագիտական թանգարանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Թանգարանում ներկայացված էին հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի ուսումնասիրման պատմությունը և պեղումներից հայտնաբերված նյութերը։ 

44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք։ Արդյունքում ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը: Արցախի իշխանությունների և Տիգրանակերտի հետազոտական թիմի ջանքերով թանգարանային հավաքածուները տարհանվել են և գտնվում են ապահով վայրում:

Իսկ պատերազմից առաջ թանգարանը դարձել էր Արցախի մշակութային քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը։ Նոր պրակտիկա էր Արցախում պեղվող հուշարձանին կից թանգարան բացելը և առաջին օրինակը Տիգրանակերտն էր։

Թանգարանը տարեկան ունենում էր մոտ երեսուն հազար այցելու։ Պարբերաբար անց էին կացվում տարբեր մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, վերջին տարիներին այստեղ տոնվում էր Վարդավառի տոնը։ 

Տիգրանակերտի թանգարանում ցուցադրվում էր 2005 թվականից սկսած պեղումներից հայտնաբերված իրերի մի մասը՝ լավագույն օրինակները։