2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո Բաքուն առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մոտ գտնվող հայտնի տանկ-հուշարձանը։ Հիշեցնենք, որ Տանկն Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։
Իսկ վերջերս, բլոգեր Քյամրան Ռազմովարը տանկ-հուշարձանի մոտից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ոչնչացրել են նաեւ հուշարձանի մոտ տեղադրված խաչքարերը, զոհված ազատամարտիկների անունները հավերժացնող հուշատախտակները: Մասնավորապես, փշրված է 44-օրյա պատերազմում Քարինտակում զոհված Հակոբ Հարությունյանի հիշատակին տեղադրված 2021 թվականին տեղադրված խաչքարը, ինչպես նաև տարածքում կանգնեցված մյուս խաչքարերը: Այս մասին ահազանգում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» անկախ ակադեմիական հարթակը։
Բաքվի համակարգված արշավն այս ուղղությամբ հատկապես ընդգծվում է մի քանի նշանակալից խաչքարերի ոչնչացմամբ։ Դրանց թվում են դեռևս 2020 թվականին ոչնչացված Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարի, քաղաքի ազատամարտիկների հուշահամալիրի խաչքարի, Լաչինի պատմական գերեզմանոցի 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարների ոչնչացումներով։
Հարթակը շեշտում է՝ խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը։
Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն։
Ուստի հիշեցնում է, որ Բաքուն պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց:
