Արևմտյան Հայաստանի Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

  • by Editbeglari, 29 Հուլիսի, 2026 in Ժառանգություն
93 դիտում

Արևմտյան Հայաստանի Դերսիմի նահանգի Հոզաթի գավառի Էրգան գյուղում գտնվող Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Էրգանի վանք, կանգնած է փլուզման լուրջ վտանգի առաջ։ Տասնամյակների անուշադրության, բնական ազդեցությունների և գանձ որոնողների ապօրինի գործողությունների հետևանքով հազարամյա հուշարձանը զգալի վնասներ է կրել։

975 թվականին կառուցված եկեղեցին համարվում է Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը և առանձնանում է իր քարաշեն ճարտարապետությամբ ու պահպանված հայերեն արձանագրություններով։ Չնայած դեռ 2012 թվականին ընդունվել էր հուշարձանի պահպանության անհրաժեշտության մասին որոշում, մինչ օրս վերականգնման աշխատանքներ չեն իրականացվել։

Տեղի բնակիչները պահանջում են վերականգնել եկեղեցին և այն դարձնել ուխտագնացության ու մշակութային զբոսաշրջության կարևոր կենտրոն՝ ընդգծելով, որ պատմամշակութային այս արժեքի կորուստը անդառնալի հետևանքներ կունենա հայկական ժառանգության պահպանման համար։