«Հայկական ոսկու» առասպելը շարունակում է ապրել Օկուպացված Արեւմտեան Հայաստանի հասարակության մի հատվածում 

  • by Editbeglari, 11 Հուլիսի, 2026 in Ժառանգություն
72 դիտում

Հրապարակված հոդվածում կինոռեժիսոր և հրապարակախոս Էրիկ Նազարյանը պատմում է, որ Կ․Պոլսի  Առնավութքյոյ թաղամասի ռեստորաններից մեկում իր հայկական ծագումն իմանալուց հետո սպասարկող անձնակազմը անմիջապես հիշատակել է «հայկական ոսկին»՝ վկայելով, որ այդ առասպելը դեռևս տարածված է Օկուպացված Արեւմտեան Հայաստանի հասարակության որոշ շրջանակներում։

Հեղինակը նշում է, որ Հայերի ցեղասպանությունից հետո ձևավորվել է համոզմունք, թե արևմտահայերը տեղահանվելուց առաջ թաքցրել են մեծ քանակությամբ ոսկի։ Այդ հավատալիքը, ըստ նրա, ավելի քան մեկ դար շարունակ խթանել է գանձ որոնողների գործունեությունը, որոնք պեղել և վնասել են հայկական եկեղեցիները, գերեզմանոցներն ու պատմամշակութային հուշարձանները՝ որոնելով ենթադրյալ գանձերը։

Նազարյանի համոզմամբ՝ իրական «հայկական գանձը» ոչ թե հողի տակ է, այլ հայկական հազարամյա մշակութային ժառանգության մեջ՝ ավերված եկեղեցիներում, վանքերում և պատմական հուշարձաններում, որոնք մինչ օրս վկայում են հայերի բնիկ ներկայության մասին։

Հեղինակը հոդվածում անդրադառնում է նաև 2023 թվականին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությանը, տարածաշրջանում շարունակվող լարվածությանը և խաղաղության գործընթացի շուրջ առկա մտահոգություններին՝ ընդգծելով, որ արդար և կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի պատմական արդարության, մարդկային արժանապատվության և ժողովուրդների իրավունքների հարգման վրա։