Ճանաչենք Արևմտյան Հայաստանը․Բերկրի

  • by Western Armenia, 28 Հունվարի, 2023 in Ժառանգություն
235 դիտում

Արևմտյան Հայաստանի Բերկրի բնակավայրը սկզբնաղբյուրներում հիշատակվում է նաև Բարկիրի, Բերգրի և անվան այլ տարբերակներով, իսկ թուրքերը կոչել են Բերգրի-կալե։

Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել այն։ Սակայն այդտեղ ուրարտական սեպագիր արձանագրությունների գոյությունը ցույց է տալիս, որ հնագույն բնակավայր էր։

Սկզբնական շրջանում սովորական գյուղ է եղել, ապա՝ բերդաքաղաք։

Գտնվում է Վանա լճից հյուսիս-արևելք, լճափից 16 կմ հեռավորությամբ, Բերկրի գետի աջակողմյան հարթավայրում։ Հեռավորությունը Վան քաղաքից մոտ 65 կմ է։ Ջրառատ է, և շրջակայքում կան ընդարձակ արգավանդ հողեր։ Ունի քարածխի հարուստ հանքեր և նավթի զգալի պաշարներ։

Բերկրին երբեք մարդաշատ բնակավայր չի եղել։ Հին և միջին դարերում նրա բնակչությունը զանգվածորեն բաղկացած էր հայերից։ Այստեղ բնակվում էին նաև որոշ թվով հրեաներ, որոնք Հայաստան էին բերված տակավին Տիգրան Բ-ի և նրա որդի Արտավազդ Բ-ի օրոք (I դ. մ. թ. ա.)։ VIII դարում, Աբասյան խալիֆների կիրառած քաղաքականության հետևանքով, Բերկրիում և նրա շրջակայքում հաստատվում են արաբական ութմանիկ ցեղին պատկանող շատ բնակիչներ, իսկ ավելի ուշ՝ նաև քրդեր։ 

Սակայն դրանից հետո էլ, ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը, Բերկրիի բնակչության մեծագույն մասը դարձյալ հայերն էին,  իսկ XX դարի սկզբին Բերկրին ուներ 3100 բնակիչ, որից 2100-ը՝ հայ:  Հայերի մեծ մասը զոհ գնաց 1915 թվականի եղեռնին, իսկ մյուս մասը տեղահանվեց, քչերին հաջողվեց փրկվել թուրքական յաթաղանից և ապաստան գտնել Արևելյան Հայաստանում։

Ներկայումս Բերկրին փոքրիկ ու խղճուկ բնակավայր է, սովորական մի անբարեկարգ գյուղ՝ հետամնաց տնտեսությամբ։