Ճանաչենք Արևմտյան Հայաստանը․Դիադին

  • by Western Armenia, 16 Դեկտեմբերի, 2022 in Ժառանգություն
261 դիտում

Դիադին քաղաքը տնվում է Արածանիի վերին հոսանքի աջ ափին, Բայազետից մոտ 38 կմ արևմուտք, Ծաղկանց լեռների արևելյան փեշերին, Էրզրում—Բայազետ ճանապարհի վրա: Քաղաքից 5 — 6 կմ հեռավորությամբ գտնվում է Արածանիի բնական հռչակավոր կամուրջը։ Կամուրջի բարձրությունն ու լայնությունն ավելի քան 21 մ է։ Կամրջից մի փոքր հեռու, Արածանիի աջ ափին գտնվում է Դիադինի հանքային ջրերի մեծ աղբյուրը՝ գլխավոր Գերմավը։ Ջրի ջերմությունը շատ բարձր է։

Դիադինը համանուն գավառակի կենտրոնն է և մտնում է Էրզրումի նահանգի Բայազետ գավառի մեջ։  XIX դարի սկզբներին ուներ 500 տուն հայ և քուրդ բնակիչ: Մինչև XIX դարի 20–ական թվականների վերջերը Դիադինի բնակչության մեծագույն մասը կազմում էին հայերը։ Սակայն 1828—-29թթ, ռուս-պարսկական պատերազմից հետո այստեղի հայերը համարյա ամբողջությամբ գաղթեցին Արևելյան Հայաստան: 

Դիադինի բնակիչները  հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արհեստներով ու առևտրով։ Նրա արհեստավորներն ու առևտրականները գերազանցապես հայեր էին։ Դիադինն ուներ իր բերդը, որը գտնվում էր Արածանիի ժայռոտ ափին։ Մինչև 1843 թվականը այն կանգուն էր, իսկ հետագայում վերածվել է ավերակների կույտի։

Գյուղաքաղաքում կար հայկական մեկ եկեղեցի ս. Աստվածածին անունով։ Այն կանգուն է եղել մինչև XX դարի սկզբները։