Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ահազանգում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացման մասին։ Նրա խոսքով՝ արբանյակային տվյալները վկայում են, որ տաճարը ոչնչացվել է 2026 թվականի մարտի 3-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։
Ավանեսովը նշում է, որ Մայր տաճարի ավերումը պետք է ոչ միայն փաստագրվի, այլև դառնա միջազգային իրավական և քաղաքական օրակարգի հարց։ Նրա գնահատմամբ՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող գործողությունները համակարգային բնույթ են կրում և ներառում են եկեղեցիների, վանքերի, գերեզմանոցների, խաչքարերի ու այլ հուշարձանների ոչնչացում կամ ինքնության փոփոխություն։
Նա միջազգային հանրությանը կոչ է անում անցնել հայտարարություններից գործնական քայլերի՝ իրականացնել մշտադիտարկում, անկախ փորձագիտական ուսումնասիրություններ, իրավական փաստագրում և պատասխանատվության մեխանիզմների կիրառում։
Մայր տաճարի ոչնչացումը պետք է դառնա լուրջ ահազանգ՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության մնացած արժեքները պահպանելու համար։
